երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՌՀ-ում մեկնարկել է չինական երգի միջբուհական մրցույթ-փառատոնը

ՀՌՀ-ում մեկնարկել է չինական երգի միջբուհական մրցույթ-փառատոնը

Հայ-Ռուսական համալսարանում ապրիլի 27-ին կայացել է չինական երգի անդրանիկ միջբուհական մրցույթ-փառատոնը, որն իրականացվել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համատեղ և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։

«Այս միջոցառումը հանդիսանալու է մեր բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հիմք՝ չինագիտության ոլորտում գործընթացների բարելավման և խորացման համար։ Մենք գիտակցաբար որոշում ենք կայացրել էլ ավելի զարգացնել չինագիտությունը, քանի որ դա ոչ միայն լեզվի ուսումնասիրությունն է, այլև երկրի, մշակույթի խորը ուսումնասիրությունն է՝ հայ-չինական դարավոր համագործակցության ընդլայնման և ամրապնդման համար»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը։

Իր հերթին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնն իր երախտագիտությունն է հայտվել Հայ-Ռուսական համալսարանին՝ չինական երգի միջբուհական մրցույթ-փառատոնը կազմակերպելու համար։

«Համոզված եմ, որ այսօրվա մրցույթը դառնալու է գեղեցիկ համերգ, և բոլոր մասնակիցները կհասնեն լավ արդյունքների։ Նմանատիպ միջոցառումների միջոցով մենք նկատում ենք մեծ հետաքրքրվածություն հայ երիտասարդության շրջանում չինական մշակույթի և լեզվի նկատմամբ»,- ընդգծել է դեսպանը։

Մրցույթ-փառատոնին հանդես են եկել շուրջ 20 մասնակիցներ ՀՀ տարբեր բուհերից, որոնք կատարել են ժողովրդական և ժամանակակից երգեր։ Հաղթողին և մրցանակակիրներին պարզելու համար՝ պատվավոր ժյուրիից բացի QR կոդի միջոցով քվեարկություն է կայացել նաև հանդիսատեսի շրջանում։

Արդյունքում՝ 3-րդ տեղն են զբաղեցրել Ինգա Կարապետյանը (ՀՌՀ) և Սյուզաննա Մուրադյանը (Կոնֆուցիոսի ինստիտուտ), Վարազդատ Խաչատրյանը և Թամարա Ջուլֆայանը (երկուսն էլ` ՀՌՀ) բաժանել են 2-րդ տեղը, իսկ հաղթողներ են ճանաչվել Աննա Միսակյանը Վ․ Բրյուսովի համալսարանից և Արփի Սինանյանը Գավառի համալսարանից։ Իսկ հաղթողները կազմակերպիչների կողմից պարգևատրվել են նոթբուքերով։

  • Կիսվել: