կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Պենդերեցկու անվան փառատոնը լեհ-հայկական բարեկամական հարաբերությունների ևս մեկ փայլուն վկայություն է. Լեհաստանի դեսպան

Պենդերեցկու անվան փառատոնը լեհ-հայկական բարեկամական հարաբերությունների ևս մեկ փայլուն վկայություն է. Լեհաստանի դեսպան

Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնի շրջանակում տեղի ունեցավ լեհ մեծ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու արվեստին նվիրված համերգային երեկո, որի ընթացքում հնչեցին Պենդերեցկու Ջութակի թիվ 2 կոնցերտը՝ «Մետամորֆոզներ» և Թիվ 4 սիմֆոնիան՝ «Ադաջո»։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար Լետիցիա Մորենոն։ Երեկոն ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Պենդերեցկուն նվիրված համերգային երեկոյին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը։ Դեսպանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է խոսել մի բեմից, որտեղ 20-րդ դարի լեգենդար լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին ոչ վաղ անցյալում ղեկավարել է իր գլուխգործոցների կատարումները։ «Քշիշտոֆ Պենդերեցկին հաճախ էր այցելում Հայաստան և մեծ ճանաչում էր վայելում իր նախնիների երկրում։ 2009 թվականին նրան շնորհվել է ՀՀ պատվո շքանշան, իսկ 2013 թվականին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալ։ Վերջին անգամ նա Հայաստան այցելեց 2018 թվականին՝ նախ փետրվարին, իր ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում, ապա հունիսին՝ որպես Արամ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթի պատվավոր ժյուրիի նախագահ։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Պենդերեցկին գրեց իր թիվ 3 սաղմոսը։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ժամանակակից դասականների փառատոնը Քշիշտոֆ Պենդերեցկու անունով կոչելու նախաձեռնությունը։ Այս փառատոնը լեհ-հայկական խոր և բարեկամական հարաբերությունների ևս մեկ փայլուն վկայություն է»,- իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը։  

Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում անցկացվում է Պենդերեցկու անվան ժամանակակից դասականների փառատոնը։ Վաղը տեղի կունենա փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում կհնչեն երկու համաշխարհային պրեմիերաներ՝ Վալենտին Սիլվեստրովի թիվ 9 սիմֆոնիան և Կառլ Ջենկինսի Երգչախմբային պասակալիան, որը նվիրված է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Երեկոյի ընթացքում կներկայացվի նաև Տիգրան Մանսուրյանի Յոթ աղոթք սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից ստեղծագործությունը բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար։

Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 

  • Կիսվել: