ՀՀ-ն եզակի երկրներից է, որ քովիդի շրջանում չի կրճատել կրթության բյուջեն, ավելացրել է. Ժաննա Անդրեասյան
Պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ, դպրոցների ֆինանսավորման ուղղությամբ մենք էական աճ ենք գրանցել վերջին տարիներին և միայն 2025 թվականին դպրոցների պահպանման ծախսերին հատկացվել է 128,8 միլիարդ դրամ, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 56%-ով: Այս մասին Ազգային ժողովում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշեց, որ դա էական աճ է և ցույց է տալիս այն, որ չնայած մարտահրավերներին ու դժվարություններին, որոնցով անցել է ՀՀ-ն այս շրջանում, Կառավարությանը հաջողվել է չկրճատել կրթությանն ուղղաված բյուջեն:
«Օրինակ, համավարակը բերեց մի իրավիճակի, որ աշխարհի շատ երկրներ, այդ թվում զարգացած երկրներ, որոնք ունեն կայուն կրթական համակարգեր, սկսեցին կրճատել կրթության բյուջեները: Բացի համավարակից, մենք նաև այլ լրջագույն մարտահրավերներ ունեինք, չնայած դրանց՝ ՀՀ-ն այն եզակի երկրներից էր, որ ոչ թե կրճատել, այլ այդ բոլոր տարիներին ավելացրել է կրթության ուղղվող բյուջեն:
Իմ ներկայացրած թվերը դպրոցների պահպանման ծախսերի մասով ընդամենը փոքր մասն են կրթության ոլորտին ուղղվող ծախսերի և միայն այստեղ մենք ունենք ավելի քան 56% աճ»,-մանրամասնեց ԿԳՄՍ նախարարը։


