ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանն ու Իրանը վերաթարմացնում են համատեղ կինոնախագծերի համաձայնությունը

Հայաստանն ու Իրանը վերաթարմացնում են համատեղ կինոնախագծերի համաձայնությունը

Համատեղ կինոնախագծեր ստեղծելու, հայ-իրանական մշակութային կապերն ամրապնդելու նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն օրերս վերաթարմացրել են կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրը:

Փաստաթուղթը ստորագրվել էր 2017 թվականին 3 տարով:
 
Փաստաթղթի վերաստորագրմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադը և այլք։
Երկու կինոկառույցների պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ համագործակցության համաձայնագրի վերաստորագրումը նոր կինոգործընթացների զարգացման  հեռանկարներ  և ուղիներ կստեղծի։
 
Միրզախանյանի խոսքով՝ փաստաթղթի վերաստորագրումն արդեն ունեցած Իրան-Հայաստան երկարամյա մշակութային համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու և խորացնելու հնարավորություն է ընձեռում, իսկ «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշն ավելի քան համոզված է, որ այն երկու երկրների կինոոլորտների գործակցության նոր հնարավորությունների սկիզբ է։
 
Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի գործակցության բազմազան ուղղություններ: Այն կարող է նպաստել  կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մշակույթի խորհրդական Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային, կարևորելով մշակույթային կապերի ամրապնդման և զարգացմանը միտված տարատեսակ համատեղ ծրագրերի կազմակերպումը, պայմանավորվել են հանդիպել և Հայաստանի մշակույթի ու արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ մշակել մշակութային իրադարձությունների աշխատանքային քարտեզը:

  • Կիսվել: