ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ուշագրավ գործեր՝  «Սասնա ծռեր» էպոսից

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ուշագրավ գործեր՝ «Սասնա ծռեր» էպոսից

«Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում՝ Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում այսօր կբացվի «Հայկական Էպոս. խոսքից՝ պատկեր» խորագրով ցուցահանդեսը, որում ցուցադրված կլինեն գեղանկարչական ու գրաֆիկական շուրջ 50 աշխատանք, առանձնատիպեր, կաղապարներ (կլիշե), էպոսի տարբեր հրատարակությունների գլխատառեր, գլխատողեր, անվանաթերթեր, ինչպես նաեւ 1000-ամյակի միջոցառումների արձագանքները մամուլում՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի եւ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից:

ՀԱՊ հայ գեղանկարի բաժնի աշխատակից, ցուցադրության համադրող Զարուհի Դիլանյանն այս առիթով «ՀՀ»-ի հետ զրույցում անդրադառնալով ցուցահանդեսին՝ ասաց, որ հայոց հազարամյա պատմության խորքերում ծնունդ առած «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպը վերջնականապես ձեւավորվել է 7-9-րդ դարերում, ժողովրդի բանավոր զրույցներում պահպանվել են դրվագներ,  ստեղծվել թշնամու դեմ արդար պայքարի ելած հավաքական կերպարներ, որոնցից ամենակատարյալը Սասունցի Դավիթն է։ Յուրաքանչյուր արվեստագետ հանդես է գալիս էպոսի ուրույն մեկնաբանությամբ: Հակոբ Կոջոյանի, Սեդրակ Ռաշմաճյանի, Երվանդ Քոչարի եւ այլոց գործերում կերպարներն առանձնանում են տարբեր գեղարվեստական լուծումներով, սակայն բոլորին միավորում է հայոց դյուցազնավեպի էպիկական շունչը փոխանցելու ձգտումը: «Հանրածանոթ գործերի շարքում առաջին անգամ են ցուցադրվում նկարիչ Ռազմիկ Հակոբյանի (1941-1999) օֆորտները: Ցուցահանդեսն ունի ճանաչողական մեծ նշանակություն։ Նմանատիպ ամեն հոբելյան թարմացնում է մեր պատմական հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով ազգային արժեքների պահպանման գործում մեր մեծ երախտավորներին»,- ընդգծեց նա՝ տեղեկացնելով, որ Էպոսի հազարամյա հոբելյանի շրջանակներում  տոնակատարության  կազմակերպչական հարցերը համակարգող հանձնաժողովի պատվերով  Լենինգրադի  Լոմոնոսովի անվան հախճապակու գործարանում պատրաստվել են մեծ քանակությամբ  գավաթներ, սկուտեղներ՝ էպոսին առնչվող բազմապիսի դրվագներով զարդանկարված»:

  • Կիսվել: