երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կառավարությունից պահանջում ենք ջանքեր գործադրել գերիներին օր առաջ վերադարձնելու համար․ «Սասնա Ծռեր»

Կառավարությունից պահանջում ենք ջանքեր գործադրել գերիներին օր առաջ վերադարձնելու համար․ «Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով գերիների վերադարձի գործընթացի ձգձգմանը:

 

«Մտահոգիչ է գերիների վերադարձի ձգձգումը:

Զինադադարից անցել է մեկուկես ամիս, սակայն գերիների վերադարձի հարցում շատ անորոշ և անմխիթար վիճակ է։

Զուգահեռաբար՝ թշնամին շարունակում է գերեվարությունները, խուսափում է գերիների մասին ճշգրիտ տվյալներ ներկայացնել, նսեմացնում է նրանց արժանապատվությունը։

Էապես ոչ ամբողջական է Հայկական կողմի աշխատանքը թշնամու զինծառայողների կատարած ցեղասպանական ակտերի և խոշտանգումների վերաբերյալ տվյալների հավաքագրման և միջազգայնացման ուղղությամբ, մինչդեռ այն ոչ միայն կարևոր է միջազգային֊քաղաքական առումով, այլև կարող է որպես լրացուցիչ լծակ ծառայել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և գերիների վերադարձին նպաստելու համար։

Ավելին՝ Ադրբեջանը, խախտելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը և, այդ սկզբունքի համաձայն Հայկական կողմից հետ ստանալով իր երկու մարդասպան ահաբեկիչներին, շինծու մեղադրանք է առաջադրում իր ձեռքում գտնվող ՀՀ քաղաքացուն և կալանավորում է նրան։

Առանձնակի մտահոգիչ է զինադադարից հետո՝ ռուսական խաղաղապահների միջամտությանը զուգահեռաբար «կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում» սկզբունքին համապատասխան Հայկական կողմի դիրքերում՝ Խծաբերդի մոտ, հայկական ստորաբաժանման 62 զինծառայողների գերեվարումը և նրանց վերադարձի ձգձգումը։

 

Հիմնականում Շիրակի մարզի բնակիչներից բաղկացած այդ ստորաբաժանման ծառայողները պահպանել են զինադադարի պայմանները, նրանց անունները հայտնի են, հակառակ կողմն ընդունում է նրանց գերեվարումը, սակայն նրանք չեն վերադարձվում։

Ակնհայտ է, որ նոր գերեվարումների և գերիների վերադարձի ձգձգման հիմնական պատճառը Ռուսական կողմից Հայաստանի շահերի հաշվին Ադրբեջանին սիրաշահելու հետևանք է, մինչդեռ գործող կառավարությունը որևէ քայլ չի կատարում Ռուսասանի միջնորդական և խաղաղապահ առաքելությունն իրականացնելու շահադիտական և միակողմանի քաղաքականությունը չեզոքացնելու համար։

Գործող կառավարությունից պահանջում ենք բավարար ջանքեր գործադրել թշնամու հետագա ագրեսիվ քայլերը չեզոքացնելու և գերիներին օր առաջ վերադարձնելու ուղղությամբ»։

  • Կիսվել: