ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Հաղպատում անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված Յուրի Երզնկյանի 100-ամյակին

Հաղպատում անցկացվել են միջոցառումներ՝ նվիրված Յուրի Երզնկյանի 100-ամյակին

2022 թվականին նշվում է հայ կինոյի մեծ վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը կինոյի մեծ վարպետի հոբելյանին նվիրված միջոցառումներից մեկը հուլիսի 1-3-ն անցկացրել է Երզնկյան ընտանիքի ծննդավայր Լոռիում՝ Հաղպատում։

Հաղպատի մշակույթի պալատի նախասրահում միջոցառման առաջին օրը ցուցադրվել են ռեժիսորի տարբեր տարիների ֆիլմերի ցուցապաստառները, տեղի է ունեցել «Յուրի Երզնկյան» գրքի շնորհանդեսը։

Միջոցառման շրջանակում ցուցադրվել են «Եթե գաք մեզ մոտ Հաղպատ» վավերագրական և «Այս կանաչ կարմիր աշխարհը» գեղարվեստական ֆիլմերը։

Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ռեժիսորի դուստրը` կինոգետ Անետա Երզնկյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և «Այս կանաչ կարմիր աշխարհը» գեղարվեստական ֆիլմի դերասաններ Սոֆիկ Սարգսյանն ու Հակոբ Ազիզյանը: Միջոցառմանը ներկա էր նաև Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը։

Արդեն հուլիսի 2-ին, ըստ ծրագրի, Հաղպատի մշակույթի պալատում՝ մեծ էկրանի վրա, ցուցադրվել են ռեժիսորի արխիվային լուսանկարները և «Փառքի օղակներ» գեղարվեստական ֆիլմը, իսկ երեկոյան «Քեֆո» հյուրանոցային համալիրում ցուցադրվել է «Խաթաբալա» գեղարվեստական ֆիլմը։

Միջոցառման վերջին օրը՝ հուլիսի 3-ին, Ալավերդու մշակույթի տանը ցուցադրվել է «Խաթաբալա» գեղարվեստական ֆիլմը։ Ելույթով հանդես են եկել կինոգետ Անետա Երզնկյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և դերասաններ Սոֆիկ Սարգսյանն ու Հակոբ Ազիզյանը:

Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, ազգային կինոարվեստի զարգացմանն ու տարածմանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարևորել է հոբելյանական միջոցառումների մի հատվածը Վարպետի ծննդավայր տեղափոխելը, համոզմունք հայտնելով, որ մշակութային ապակենտրոնացումն անհրաժեշտ և սպասված գործընթաց է, քանի որ այս համայնքները, ցավոք, ակտիվորեն ընդգրկված չեն ընդհանուր մշակութային իրողությունների և դաշտի մեջ:

«Մեր խնդիրն է ակտիվացնել՝ առայժմ տանելով համայնքեր արդեն իսկ գոյություն ունեցող միջոցառումները, ինչը սակայն լիարժեք արդյունավետ լինել չի կարող: Մենք մեր նպատակին չենք կարող հասնել, եթե նախաձեռնողականությունը չի գալիս հենց համայնքից, և եթե մենք չենք իրականացնում այնպիսի նախագծեր, որում ընդգրկված կլինեն հենց համայնքի բնակիչներն ու մասնագետները: Նման նախաձեռնողական քայլերով մենք ավելի կմոտենանք նպատակին՝ հարաբերականորեն հավասարաչափ դարձնելով մշակութային կյանքը Հայաստանի Հանրապետությունում: Գաղտնիք չէ նաև, որ նախկին երեք տարվա ընթացքում կարևորագույն միջոցառումներ և ծրագրեր են իրականացվել համայնքներում, մասնավորաբար՝ սահմանամերձ համայնքներում, որտեղ ելույթներով հանդես են եկել պետական ստեղծագործական կոլեկտիվներն ու անհատ կատարողները»,- նշել է Արա Խզմալյանը և հավելել, որ այս քաղաքականությունը պետք է լինի շարունակական:

Նկարիչ, սցենարիստ և ռեժիսոր Երզնկյանի բազմատաղանդ ներկայությունը հայ կինոյին պարգևել է տասնյակ վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր, որոնք ազգային երաժշտության, գրականության և գեղանկարչության գլուխգործոցները հասցրել են մեծ էկրան՝ բացառապես երզնկյանական կինոլեզվի ու մտածողության շնորհիվ դրանք վերածելով համազգային սիրո հասցեների:

  • Կիսվել: