ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գյումրիում իր դռները բացեց «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը

Գյումրիում իր դռները բացեց «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը

Գյումրի քաղաքի Տերյան 25 հասցեում իր դռները բացեց «Հայուհի» թանգարանային ցուցադրությունը, որը կազմակերպվել է ալեքսանդրապոլյան պատմական միջուկի մասը կազմող շենքերից մեկում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարածքն առավել հայտնի է «Մեր մանկության տանգոն» սիրված կինոնկարի հայտնի դրվագներից։

Ցուցադրությունը բացառիկ է ներկայացված նյութերով և բովանդակությամբ։ Այն ներառում է 16-19-րդ դարերի հազվագյուտ բնօրինակ եվրոպական փորագրանկարներ, գեղանկարներ ու փոստային բացիկներ՝ հայուհիների կերպարների դրվագմամբ։

«Նախ պետք է կապը գտնեինք՝ ինչ կապ ունի  սիրված կինոնկարի դրվագը ցուցադրության հետ: Որոշեցինք, որ կապը Սիրանույշի ու Վարդուշի դրամատիկական պայքարն էր Ռուբենի համար և այդ պայքարը շարունակել ենք հայուհու կերպարի ցուցադրությամբ»,-նշեց նախաձեռնության հեղինակ Հայկ Դեմոյանը՝ տեղեկացնելով, որ այս ցուցադրությամբ «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամը մեկնարկում է իր բազմաթիվ նախագծերից առաջինը։

Թանգարանի տարածքում գործելու է գրախանութ, իսկ այցելուները հնարավորություն կունենան հյուրընկալվելու ալեքսանդրապոլյան վերականգնված միջավայրում, ծանոթանալ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանման դրվագներին ու Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ կինոնկարների պաստառներին։  Ցուցադրությունը մշտական է, բաց է լինելու շաբաթվա բոլոր օրերին, առավոտյան 10-00-ից մինչև 18:00-ն:

Հայկ Դեմոյանը նշում է, որ շատ պատահական Գյումրիում պատմական շենքերից մեկի վաճառքի մասին հայտարարությունը ստիպել է արագ կողմնորոշվել և ձեռք բերել նախ մեկ, ապա նաև 2 այլ շենքեր: Եթե տներից մեկը՝ Տերյան 25-ը, «Հայուհի» ցուցադրությունը հյուրընկալեց, մյուսը կլինի հայկական լուսանկարչական արվեստի  թանգարան, ալեքսանդրապոլյան միջավայրի՝ Ակումբ 1887»-ը, «Սովետական միության և Լենինի» թանգարան և այլն:

«Նախագծի հիմքում մի ցանկություն էր. հնարավորին բոլոր միջոցներով փորձել վերականգնել Գյումրի քաղաքի Կումայրի պատմաճարտարապետական արգելոցի մաս կազմող վթարային շենքերը, և երկրորդ՝ կյանք տալ այս շինություններին»,-նշեց Հայկ Դեմոյանը:

Ձեռք բերված շենքերը 1870-ական, 1880-ական և 1890-ական թթ. շինություններ են, որոնք գտնվում էին վթարային վիճակում: «Սա առաջին մեկնարկն  էր: Այս տարի ևս 2 նախատեսվում է, իսկ մինչև 2025 կլինեն նորերը: Հինգ տարիների ընթացքում այս շենքերի և ապագայում նոր ձեռքբերումների արդյունքում Գյումրի քաղաքի տարածքում կհիմնվեն նոր կառույցներ, ինչը կնպաստի ոչ միայն տուրիզմի զարգացմանը, այլ նաև այդ պատմական շենքերը «կազատեն» քայքայումից»,-հավելեց Հայկ Դեմոյանը:

  • Կիսվել: