շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գյումրիում ազդարարվեց «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը

Գյումրիում ազդարարվեց «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը

Ապրիլի 26-ին Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ազդարարվեց «Հայաստանի վարպետ» մրցույթի մեկնարկը։ Ներկայացվեցին մրցույթի  հիմնական գաղափարը, փուլերը, ինչպես նաև կայքը, որի միջոցով հնարավոր է լինելու ընտրել արհեստագործական ուղղություններն ու քվեարկությամբ որոշել Հայաստանի շնորհալի վարպետներին:

Մրցույթը նպատակաուղղված է արհեստագործական մասնագիտությունների պահպանմանն ու հանրահռչակմանը, հանրային  գիտակցության մեջ աշխատավոր մարդու նկատմամբ հարգանքի վերականգնմանն ու հեղինակության բարձրացմանը։  Մրցույթի արդյունքում կորոշվեն Հայաստանի լավագույն վարպետները՝ 12 ուղղություններով, որոնք կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակին: Ուղղությունները նույնպես կընտրվեն  առցանց քվեարկության միջոցով:

«Հայաստանի վարպետ»  մրցույթը նախաձեռնել են Ռուբեն Վարդանյանը և «Ապրելու» հիմնադրամը։ Մրցույթի կազմակերպիչն է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF)  բարեգործական հիմնադրամը: «Ուրախ եմ,  որ երկար  քննարկումներից հետ սկսեցինք այս նախաձեռնությունը: Եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, ուժեղ հասարակություն, ուժեղ ազգ,  կարծում եմ, պետք է առնվազն չորս ուղղությունների և մասնագիտությունների նկատմամբ հարգանք ունենանք: Առաջինը՝ ուսուցիչն է, երկրորդը՝ բժիշկը, երրորդը՝ զինվորն ու սպան, չորրորդը՝ վարպետը:

Ինչ վերաբերում է վարպետին, դա ոչ միայն հարգանքն է հմտություններ ունեցող մարդու նկատմամբ, այլ դա հարգանքն է գործի նկատմամբ: Այսինքն, մարդն իր աշխատանքի հանդեպ լուրջ վերաբերմունքով հասնում է այն մակարդակին, որ ժողովուրդը նրան ասում է վարպետ: Ոչ թե պետությունն է այդ կոչումը նրան շնորհում, այլ ժողովուրդն է որոշում:

Դա շատ կարևոր է, և մենք ուզում ենք սա պահպանել: Կարևոր է, որ  այդ մարդկանց նկատմամբ հարգանքը վերականգնելով, մենք ունենանք նոր միջավայր, որում աշխատելը, պրոֆեսիոնալիզմը, գործին նվիրվածությունը  կարևոր նշանակություն է ստանում»,-ասաց «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF)  բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Միջոցառմանը ներկա էին տարբեր մարզերից հայտնի վարպետներ, արվեստի և մշակույթի գործիչներ, քաղաքի հյուրեր։ «Նախաձեռնությունն, իրոք, շատ կարևոր է, քանի որ այսօրվա իրականության մեջ, ցավոք, արհեստագործական մասնագիտությունների նկատմամբ պահանջարկը  բավականին ցածր է, այս մասնագիտություններն ու աշխատանքը չի համարվում առաջնային։

Մինչդեռ այս նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնելու վարպետների արհեստագործական մասնագիտությունների հեղինակությունը, հատկապես մարզերում երիտասարդ սերնդի մոտ, որը հնարավորություն կտա պահպանելու եղած ավանդույթները, ինչպես նաև կարևորելով կրթության և աշխատաշուկայի կապը, նոր թարմություն հաղորդել ոլորտին»,- ասաց «Ապրելու» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մեսրոպ Առաքելյանը։

«Այս նախաձեռնությունը տեղին է Գյումրու համար, որն համարվում է Արվեստների և արհեստների մայրաքաղաք։ Մենք համոզված ենք, որ այս նախաձեռնությունը կունենա մեծ հաջողություն, և մեր վարպետներն իրենց իսկ ունեցած շնորհքով ցույց կտան մյուս երկրներին, որ կարող են իրենց լավ մասնագիտական ունակություններով դառնալ խթանիչ ուժ համայն հայութան համար»,-ասաց Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։Մրցույթի  համար գործարկվել է  հատուկ ՝ www.varpetarmenia.am  կայքը: Մասնագիտական 12 ուղղությունները կորոշվեն կայքի միջոցով՝ շուրջ մեկ ամիս տևող առցանց  քվերակության արդյունքում:

Դրանից հետո կհայտարարվեն ամենամեծ թվով ձայներ ստացած  12 ուղղություններն ու անվանակարգերը, որոնցով էլ կանցկացվի մրցույթը: Մրցույթին  կարող են մասնակցել 23 տարեկանից բարձր  վարպետներ, ովքեր ապրում են Հայաստանում  և Արցախում և որոնց գործունեությունը համընկնում է  հաստատված  12 անվանակարգերի հետ։ Առաջին փուլում վարպետները կարող են առաջադրել իրենց թեկնածությունները՝ լրացնելով կենսագրական թերթիկ և  ներկայացնելով իրենց գործունեության մասին  տեսաուղերձ: Բացի այդ,  Հայաստանի ողջ տարածքով կշրջեն աշխատանքային խմբեր, որոնք նույնպես կփնտրեն վարպետների և կգրանցեն կայքում:

Կազմակերպիչները նաև կոչ են անում քաղաքացիներին առաջադրել իրենց  ծանոթ վարպետներին: Մրցույթի երկրորդ փուլ կանցնեն այն 24  վարպետները, որոնց կենսագրական թերթիկներն ու տեսաուղերձներն ամենաբարձր գնահատականին կարժանանան մրցույթի Ընտրող հանձնաժողովի կողմից: Նրանցից 12 լավագույնները կընտրվեն հեռուստատեսային շոուի ընթացքում, որը պատրաստվելու և հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընկերությամբ:

««Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի առաջարկով «Արմենիա» հեռուստաընկերությունը ստեղծել է հեռուստատեսային ամբողջովին նոր, հեղինակային ձևաչափ, որը Հայաստանում առաջին անգամ է։ Նախագծի ընթացքում ամեն շաբաթ հեռուստադիտողը կբացահայտի մեր օրերի Վարպետաց վարպետներին, որոնք լուռ ստեղծում ու արարում են Հայաստանի տարբեր անկյուններում։ Մասշտաբային նկարահանումներ են իրականացվելու մարզերում՝ ներկայացնելով նաև տեղի կոլորիտն ու մշակույթը։

Հուսով ենք, որ նախագծի ընթացքում հասարակության մոտ հետաքրքրություն կառաջանա այնպիսի մասնագիտությունների նկատմամբ, որոնց առանցքում հայ մարդու ձեռքի շնորհը, հմտությունն ու վարպետությունն է»,- նշեց «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը: Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգևի (3 մլն ՀՀ դրամ) և աջակցություն կստանան գործընկերների կողմից։ Բացի այդ, ամեն տարի մայիսին Գյումրու Բարեկամության զբոսայգում կանցկացվի Վարպետների փառատոն, որին մասնակցություն կունենան ինչպես հաղթած վարպետները, այնպես էլ մրցույթի նախորդ փուլերի մասնակիցներն ու քաղաքի հյուրերը։ Փառատոնը կանցկացվի տոնական միջոցառման ձևաչափով՝ ներառյալ համերգային ծրագիրը, վարպետների աշխատանքների ցուցահանդեսը և մշակութային այլ բաղադրիչներ։

  • Կիսվել: