շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ես երբեք չհաղթեցի երաժշտությանը. Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

Ես երբեք չհաղթեցի երաժշտությանը. Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

Հունվարի 27-ը հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Այսօր մտավորականը դառնում է 81 տարեկան։

Հրանտ Մաթևոսյանը Մանսուրյանի մասին գրել է. «Առանց Տիգրան՝ իմ սերունդը համր ուխտավոր էր լինելու»: Կարելի է ասել, որ բոլոր սերունդները համր ուխտավոր կլինեին։

Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը:

1960թ.-ին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի, 1965թ.-ին՝ կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինները, 1967թ.-ին՝ ասպիրանտուրան:

1967-86թթ.-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1986թ.-ից), 1992-95թթ.-ին՝ ռեկտոր: Մանսուրյանը գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները: Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն: 

Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ,  քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում:

Մանսուրյանն արժանացել է ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթների առաջին (1966 և 1968թթ.), ՀԼԿԵՄ (1967 թ.), ՀՀ Պետական (1981 և 1985թթ.), ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան (1993թ.) մրցանակների և ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996թ.), Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպի (2004թ.) շքանշանների: ՀՀ Վահան Թեքեյան մշակութային միության ամենամյա միջազգային մրցանակաբաշխության դափնեկիր է (2006թ.):

«Ես երբեք չհաղթեցի երաժշտությանը, ես միշտ սիրում եմ երաժշտությունը:»,- մի առիթով ասել է Մանսուրյանը։

 

  • Կիսվել: