չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երիզայի բերդում իրականացված պեղումների արդյունքում ուրարտական շրջանին պատկանող գտածոներ են հայտնաբերվել

Երիզայի բերդում իրականացված պեղումների արդյունքում ուրարտական շրջանին պատկանող գտածոներ են հայտնաբերվել

Երզնկայի Երիզայի (ներկայիս, թուրք․ անվանումը՝ Ալթընթեփե) 2900-ամյա պատմություն ունեցող բերդում իրականացված պեղումների արդյունքում ուրարտական շրջանին պատկանող գտածոներ են հայտնաբերվել։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։

Ուրարտական ժամանակաշրջանին պատկանող բերդում գտնվել են մ․թ․ա․ 850-590-ական թվականների հարյուրավոր պատմական նմուշներ։ Թուրքական աղբյուրի համաձայն՝ առաջին պեղումներն այստեղ կատարվել են 1959-1967 թթ․, Անկարայի համալսարանի դասախոսներից դոկտոր, պրոֆ․ Թահսին Օզգյուչի ղեկավարության ներքո։ Իսկ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Աթաթյուրքի անվան համալսարանի համագործակցությամբ, դոկտոր, պրոֆ․ Մեհմեդ Քարաօսմանօղլուի կողմից 2003 թ․ մեկնարկած պեղումներն ավարտվել են 2019 թ․։

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության նահանգային տնօրեն Արդա Հեբը «Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է, որ Երիզայի բերդում իրականացված պեղումները նշանակալի ներդրում են «անատոլիական» հնագիտության մեջ, և որ պեղումներից հետո այն ըստ էության վերածվել է թանգարանի բաց երկնքի տակ։

Հեբը նաև հայտնել է, որ բերդում գտնվել են ուրարտական շրջանին պատկանող պարիսպներ, մեկ տաճար և այլ կառույցներ։ Բացի այդ, այստեղ հայտնաբերվել են նաև հետուրարտական ժամանակաշրջանի մի եկեղեցու ավերակներ։

 

  • Կիսվել: