ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Երեխաները ուզում են նվագել»․ Բարեգործական համերգ հանուն Արցախի տաղանդավոր երեխաների

«Երեխաները ուզում են նվագել»․ Բարեգործական համերգ հանուն Արցախի տաղանդավոր երեխաների

Հոկտեմբերի 28-ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա Moscow Classic Ensemble-ի աշնանային համերգը: Ավարտին կկայանա  երաժշտական գործիքների հանդիսավոր հանձնումը` նվիրելու են Արցախի ստեղծագործական դպրոցներին:

Նախաձեռնությունը մեկնարկել է դեռևս այս տարվա օգոստոսի 13-ին, Գառնիի տաճարի մոտ տեղի ունեցած Moscow Classic Ensemble-ի «Երեխաները ուզում են նվագել» բարեգործական երեկոյի ընթացքում:

Դասական երաժշտության մեծ համերգի նպատակը 44-օրյա պատերազմից հետո Արցախից եկած երեխաների համար երաժշտական գործիքներ գնելուն միտված դրամահավաքն էր:  Նախաձեռնության հեղինակը Moscow Classic Ensemble-ի և համույթի տնօրեն Մարիա Քալաշյանն էր:

Կատարվել էր որոշակի ուսումնասիրություն և ընտրվել էր  երկու դպրոց ՝ Երաժշտական ակադեմիական և Շուշիի արվեստի դպրոցները, որոնք այժմ ստիպված են գրեթե զրոյից վերականգնվել: Դպրոցներն ունեն հարյուրավոր աշակերտներ, որոնց ուզում են շարունակել երաժշտական կրթությունը:

Այդ դպրոցների համար ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ երաժշտական գործիքները:  

«Երեխաները ուզում են նվագել» բարեգործական երեկոն բազմաթիվ արձագանքներ է ստացել երեխաների աջակցությամբ զբաղվող կազմակերպություններից: Որոշվել է այս անգամ ևս կազմակերպել երեխաների ստեղծագործությունների ցուցահանես, այն երեխաների, որոնց ընտանիքները տուժել են պատերազմական գործողությունների ընթացքում:

Աշնանային համերգի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի բոլոր աշխատանքերը կվաճառվեն` տաղանդավոր երեխաներին ու նրանց ընտանիքներին օգնելու նպատակով:  Համերգի մուտքն անվճար է:

  • Կիսվել: