երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից Հայաստան եկած երեխաները նկարների ցուցահանդեսով պատմում են Արցախի մասին

Արցախից Հայաստան եկած երեխաները նկարների ցուցահանդեսով պատմում են Արցախի մասին

«Անունս Արցախ է» խորագրով ցուցահանդեսում ներկայացված է «Համազգայինը Արցախի մանուկների համար» ծրագրի նկարչության խմբակի 5-10 տարեկան երեխաների ավելի քան երեսուն աշխատանք, որոնցում փոքրիկները պատկերել են Արցախ աշխարհն իր ողջ հմայքով:

 «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Համազգային հայ կրթության և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանն ասաց, որ միությունը երկու ամիս է Արցախի երեխաների համար արվեստի տարբեր խմբակներ է կազմակերպում Երևանում, Աբովյանում, Դիլիջանում և Ստեփանակերտում:
 
«Խմբակներում արցախցի երեխաներին դասավանդում են Արցախի մասնագետները: Այսօր ներկայացվել են Երևանում գործող նկարչության խմբակի երեխաների ստեղծագործությունները, որոնք նրանք նկարել են պատերազմի ընթացքում: Պատերազմն արտացոլվել է  նկարներում, սակայն որևէ հատուկ թեմայի ընտրություն չի եղել»,-նշեց Ավագյանն ու հավելեց, որ երեխաները մեծ սիրով են մասնակցում բոլոր դասընթացներին:
 
Ցուցահանդեսն իրենց ելույթով զարդարեցին միության թատերական խմբակի սաները:
 
«Անունս Արցախ է» ցուցահանդեսը բացվել է «Զանգակ» գրատանը: Այն կգործի մինչև դեկտեմբերի 25-ը:
 

  • Կիսվել: