շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երբ կավարտվի Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցումը

Երբ կավարտվի Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցումը

2019 թվականի մայիսին Առաջին ալիքի հետ հարցազրույցում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարեց, որ մայրաքաղաքի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքը պատրաստ կլինի 2020 թվականի ավարտին. 2020 թվականի փետրվարին թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը «Վրաստանի Հայ Համայնք»  ՀԿ–ի «Միություն» թերթին տված հարցազրույցում հաստատելով տեղեկատվությունը, նշեց, որ արդեն տարեվերջին թատրոնի կոլեկտիվը կսկսի աշխատել ամբողջությամբ վերակառուցված շենքում, գրում է aliq.ge-ն:

Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հիմնվել է 1856 թվականին և արդեն 168 տարեկան է։ Ավլաբարիում գտնվող շենքում թատրոնը սկսել է գործել 1937 թվականից, իսկ մինչ այդ՝ Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Այստեղ նաև կնշենք այն, որ թատրոնը միակն է աշխարհում, որն Հայաստանից դուրս հայերեն լեզվով պետական թատրոնի ստատուսով է գործում.

2010 թվականին շենքի վրա ճեղքեր երևացին․ թատրոնի ղեկավարությունը հրավիրեց սեյսմոլոգների, պարզվեց, որ թատրոնը վթարային վիճակում է, ինչի պատճառով էլ շենքը փակվեց, բայց թատրոնը չդադարեց գործել։ Ադամյանականները բեմադրում էին նորանոր բեմադրություններ, խաղում տարբեր թատրոնների բեմերում։  

Վերջին 10 տարվա ընթացքում թատրոնի ղեկավարությունը շենքի վերականգնման հարցով բազմիցս դիմել էր երկրի վարչապետներին, բայց անարդյունք․

2017 թվականին թատրոնի ղեկավարությունը հարցով դիմեց իշխող «Վրացական երազանք»–ի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, ում գլխավորած «Քարթու» հիմնադրամի ֆինանսավորմամբ էլ սկսվեց վերակառուցումը։

Այս մասին Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նիստում խոսել է նաև այն ժամանակ մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գիորգի Բաքրաձեն։ Նրա խոսքով, հիմնադրամը ավելի քան 8 մլն լարի է հատկացրել շինարարության և վերականգնման աշխատանքների համար։

Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ վերականգնման գործընթացում պարզվել է, որ շենքի անմխիթար վիճակի պատճառով փորձաքննությունների ազգային բյուրոն անհնար է համարել նրա վերանորոգումը, ինչի պատճառով էլ որոշվել է շենքն ամբողջությամբ ապամոնտաժել և կառուցել նորը՝ հաշվարկված 607 հանդիսատեսի համար։ Ծրագրի նախագծային արժեքը կազմել է 18 մլն լարի, Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսել էր շինարարությունն ավարտել մինչև 2020 թվականի վերջ։

Հայկական պետական ​​դրամատիկական թատրոնի տնօրեն Լուիզա Խաչատուրովան 2021 թվականի հունիսի 30-ին դիմել է քաղաքապետարանի ճարտարապետության բաժին՝ շինարարության ավարտի ժամկետը փոխելու խնդրանքով։ Նա խնդրեց 2 տարով հետաձգել ծրագրված մեծածավալ շինարարության ավարտի ժամկետը՝ մինչև 2023 թվականը։ 2021 թվականի հուլիսին դիմումը հաստատվել է։ Այն ժամանակ Խաչատուրովան, սակայն, չէր պատասխանել լրագրողների զանգերին, իսկ պատճառը մնացել է անհայտ։

Զրուցեցինք թատրոնի տնօրեն Լուիզա Խաչատուրովայի հետ։ Նրա խոսքով՝ շինարարությունը չէին հասցնում ավարտել 2020 թվականի վերջին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ներկայումս ավարտված է թատրոնի շինարարությունը։ Նրա գնահատմամբ՝ մնացել են կահույքի, լուսային ու ձայնային տեխնիկայի ձեռքբերումը։

«Ալիք-Մեդիա»-ն հետևում է թատրոնի կառուցման և վերականգնման շուրջ զարգացումներին․ եթե այս անգամ ևս թատրոնի բացումը հնարավոր չլինի, անպայման կանդրադառնաք հարցին՝ ներկայացնելով լրացուցիչ տեղեկատվություն։

  • Կիսվել: