ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դուբայում մեկ ամիս դասական երաժշտություն կհնչի՝ այդ թվում հայ երաժիշտների կատարմամբ (լուսանկարներ)

Դուբայում մեկ ամիս դասական երաժշտություն կհնչի՝ այդ թվում հայ երաժիշտների կատարմամբ (լուսանկարներ)

InClassica 10-րդ միջազգային փառատոնն այս տարի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում է հավաքել հայտնի երաժիշտների, նվագախմբերի եւ դիրիժորների, որոնց թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Փառատոնը, որը կազմակերպել է  Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը SAMIT Event Group-ի հետ համատեղ, մեկնարկել է օգոստոսի 28-ին։

«Նպատակը մեկն է՝ դասական երաժշտության առաջընթացը։ Գաղտնիք չէ, որ դասական երաժշտությունը բավարար չափով տարածված չէ։ Մարդիկ՝ լսելով նման մեծ երաժիշտների, հասկանում են՝ որքան հիասքանչ է երաժշտությունը, եւ դառնում են հետեւողական, սկսում հաճախակի գնալ համերգների։ Ըստ իս՝ զարգանում է ողջ հասարակությունը։ Մյուս կողմից, փառատոնն, անկասկած, մաստեր կլաս է, քանի որ մաստեր կլասներին հրավիրվում են մեծ թվով ուսանողներ, երիտասարդներ, ինչպես նաեւ արդեն կայացած դաշնակահարներ։ Շփվելով պրոֆեսորների հետ՝ նրանք ինչ-որ նոր բան են ստանում, հետեւաբար, զարգանում են, եւ այդպես մենք ստանում ենք ապագա աստղեր։ Մյուս կողմից էլ դա մրցույթ է, որն, անկասկած, հնարավորություն է տալիս զարգացնել մեծ թվով երաժիշտների եւ մեծ թվով աստղերի կարողությունները»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը։

Հիմնադրամը նախատեսում է առաջիկայում համերգային շարք անցկացնել աշխարհի լավագույն դահլիճներում։ 20 համերգներից մեկն էլ կանցկացվի Հայաստանում՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության շրջանակում։

«Հայաստանում անցկացվում են ամենատարբեր փառատոններ, այդ թվում՝ «Հայաստան» փառատոնը։ Կարծում եմ՝ մենք աստիճանաբար կհասնենք նրան, որ այն նույնպես վերածվի այսպիսի վիթխարի իրադարձության։ Իհարկե, դրա համար ժամանակ է պետք»,- ասաց Կոնստանտին Իշխանովը՝ նշելով, որ պանդեմիան հաճախ խոչընդոտում է նոր ծրագրերի իրականացմանը։

Նախորդ տարի InClassica փառատոնը չկայացավ հենց պանդեմիայի պատճառով։ Իսկ այս տարի նոր սահմանափակումներով պայմանավորված այն չհաջողվեց ծրագրվածի պես անցկացնել Մալթայում։ Կազմակերպիչները ստիպված փոխեցին ոչ միայն փառատոնի վայրը, այլեւ այն հետաձգեցին երկու ամսով։

«Երկու ամսում ստիպված էինք այլ վայր տեղափոխել։ Անկասկած, դժվարությունները շատ էին՝ կապված նվագախմբի, երաժիշտների ծրագրերի հետ, կրկին պետք է համերգային հարթակներ գտնեինք։ Իհարկե, դժվարություններ կային նաեւ այն ժամանակ, երբ ծրագրում էինք Մալթայում առաջին փառատոնը, քանի որ նման քանակությամբ աստղերի, նման քանակությամբ նվագախմբերի հավաքելն ինքնին բարդ խնդիր էր»,- նշեց Կոնստանտին Իշխանովը։

Մինչեւ սեպտեմբերի 26-ը փառատոնի շրջանակում Դուբայում տեղի կունենա 30 համերգ, որոնց ընթացքում ելույթ կունենան 37 առաջատար երաժիշտներ, 7 հայտնի նվագախմբեր եւ 12 անվանի դիրիժորներ։ Համերգները կանցկացվեն Dubai Opera-ում եւ Մերձավոր Արեւելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։ Չորս շաբաթների ընթացքում բեմ կբարձրանա յոթ սիմֆոնիկ նվագախումբ՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Փառատոնում ներգրավված են մեծանուն դիրիժորներ Դմիտրի Յաբլոնսկին, Ալեքսանդր Սլադկովսկին, Մայքլ Ֆրանսիսը, Սերգեյ Սմբատյանը, Մարիուս Ստրավինսկին եւ այլք։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են մեծ թվով ստեղծագործություններ՝ սկսած բարոկկո երաժշտությունից մինչեւ ժամանակակից հեղինակների գործեր, այդ թվում փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

  • Կիսվել: