շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի». Ստեփանակերտում կայացել է Հայաստանի անվանի կոմպոզիտորների համերգը

«Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի». Ստեփանակերտում կայացել է Հայաստանի անվանի կոմպոզիտորների համերգը

Նախօրեին՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի համերգասրահում կայացել է Հայաստանի կոմպոզիտորների միության «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագրով նախագծի եզրափակիչ համերգը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգի ընթացքում հնչել են հեղինակային ստեղծագործություններ՝ Մայր Հայաստանից ժամանած անվանի կոմպոզիտորների և մենակատարների կատարմամբ:

Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրը հնարավորություն տվեց ծանոթանալու արցախցի հանդիսատեսին և ներկայացնելու տարբեր ստեղծագործություններ:

«Այս ժամանակաշրջանում շատ անհրաժեշտ է փոխադարձ կապը, որը նաև երաժշության միջոցով է ստեղծվում: Կարծում եմ, բոլոր իրավիճակներում երգն ու երաժշտությունը և օ օգնում են, և ոգեշնչում են յուրաքանչյուրին»,-համոզմունք է հայտնել մաեստրոն:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նշել է, որ համերգի ընթացքում ներկայացվել են պատերազմի օրերին ստեղծված այնպիսի ստեղծագործություններ, որոնք կարող են հուզել, ոգեշնչել մարդուն, տրամադրել՝ շարունակելու իր պայքարը:

ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ողջունելի է համարել Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից կյանքի կոչված համերգաշարն Արցախում:

«Այս քայլը ցույց է տալիս, որ մեր մշակույթը, արվեստը սահմանապահ ժողովրդի կողքին են: Մենք ցանկանում ենք, որ ՀՀ Կոմպոզիտորների միության այս քայլը վարակիչ դառնա ստեղծագործական մյուս կազմակերպությունների համար, որպեսզի կարողանանք մշակույթով ճեղքել աշխարհը»,-եզրափակեց Լ. Հովհաննիսյանը:

Համերգին ներկա էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:

Հուլիսի 23-27-ը Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության» աջակցությամբ՝ «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագրով նախագծի մեկնարկը տրվել է ՀՀ Սյունիքի մարզից: Ծրագրի շրջանակներում այս ընթացքում համերգներ են կայացել նաև Մարտունիում և Ճարտարում:

  • Կիսվել: