ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դասակարգվում և ուսումնասիրվում է Գևորգ Էմինի արխիվը

Դասակարգվում և ուսումնասիրվում է Գևորգ Էմինի արխիվը

«Հորս հաստատ դուր կգար այս ցուցադրությունը: Գիրք շատ էր սիրում, տան մեծ մասը գրքերն էին զբաղեցնում, ու փոքր ժամանակ ես սրտնեղում էի, որ խաղալու տեղ չունեմ, գրքերի հոտն էլ չէի սիրում, թեև հենց տան մթնոլորտը, հորս գրքասիրությունը նպաստեց, որ ես ընթերցասեր դառնամ»,-Հայաստանի ազգային գրադարանում Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված գրականության ցուցադրության բացման ժամանակ խոստովանեց Գևորգ Էմինի որդին՝ թարգմանիչ, Հայաստանի գրողերի միության անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արտաշես Էմինը:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում ներկայացված են Գևորգ Էմինի ստեղծագործությունների մի շարք ժողովածուներ, նրա գործերի՝ ամենատարբեր լեզուներով թարգմանությունները, գրողի անտիպ ձեռագրերի օրինակներ, լուսանկարները, Էմինի ընթերցմամբ վինիլ ձայնապնակներ և ուշագրավ այլ նյութեր: Այցելուները կարող են տեսնել բանաստեղծի առաջին գրքից՝ 1940 թ. Երևանում տպագրված «Նախաշավիղ» ժողվածուից մինչև 1997-ին Հալեպում լույս տեսած «Շատ չեղա՞վ, Աստված» գիրքը: Վերջինս, ինչպես նշեց Արտաշես Էմինը, հետխորհրդային շրջանում Գևորգ Էմինի միակ տպագրված գիրքն է, այն էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս հրատարակված: Սակայն Գևորգ Էմինը հսկայական անտիպ ձեռագրեր ունի: Արտաշես Էմինը նշեց, որ ներկայումս ինքն ու գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը զբաղված են գրողի արխիվի ուսումնասիրմամբ և դասակարգմամբ:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն անդրադարձավ Էմինի ձեռագրերի հարուստ արխիվին, որը ներառում է բանաստեղծի անտիպ գրական երկերը, աշխարհի տարբեր ծայրերից, նշանավոր մարդկանցից ստացած նամակների մեծ հավաքածուն, նրա խոսքով՝ «այնպիսի հարուստ ֆոտոարխիվ, որ բոլոր թագարանները կերազեն ունենալ»:

Գրականագետն ընդգծեց, որ արխիվն ուսումնասիրելիս նորովի է բացահայտել Գևորգ Էմինին. «Մի հզոր անատականություն, որն ինքնին էպոխա է»: Մեր աչքերի առջև հառնում է բոլորովին այլ՝ մինչ այժմ մեզ անհայտ գրող ու մտածող: Եվ որ ամենակարևորն ու ամենաուրախալին է՝ այդ արխիվում պահվող նյութերը հերքում են Էմինի մասին տարիներ շարունակ շրջանառված բանսարկություններն ու զրպարտանքները:

Բարձր գնահատելով Գևորգ Էմինի գրական ժառանգությունը՝ Արքմենիկ Նիկողոսյանն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Էմին մարդու քաղաքացիական համարձակ պահվածքին, անարդարության դեմ նրա անհաշտ պայքարին: Բավական է միայն նշել, թե ինչպես է 18-ամյա Գևորգ Էմինը (Կառլեն Մուրադյանը), իր կյանքն ու ստեծագործական ապագան վտանգելով, պայքար մղել Եղիշե Չարենցին արդարացնելու, նրա ստեղծագործությունները տպագրելու համար, տեր կանգնել Չարենցի ժառանգներին, որդեգրել Արփենիկ Չարենցին:

Միջոցառման գեղեցիկ ամփոփում էր Գ. Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի սաների ասմունքը. նրանք արտասանեցին սիրելի գրողի բանաստեղծություններից:

  • Կիսվել: