հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Դալմայում կա Վանի թագավորության շրջանից մնացած ջրամատակարարման համակարգ. հնագետ

Դալմայում կա Վանի թագավորության շրջանից մնացած ջրամատակարարման համակարգ. հնագետ

ՀՀ ԳԱԱ հնագիտության ու ազգագրության ինսստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Դալմայի այգիներում դեռ ուրարտական ժամանակներից մնացած ջրամատակարարման համակարգի մասին, որը, շատերի համոզմամբ, շինարարական աշխատանքների հետևանքով լրջորեն կարող է վնասվել ու արդեն իսկ վնասվել է:

 Ավետիսյանն ասաց. «Հողերը սեփականաշնորհված են։ Դալման հուշարձանակիր տարածք չի դիտվում։ Բայց Դալմայում կա ուրարտական շրջանից, Վանի թագավորության շրջանից սկսած ջրամատակարարման համակարգ։ Մինչև մեր ժամանակները գործել է։ Հիմա պահպանվել են լավ կտորներ... կարողանանք այնտեղ բացել, ամրակայել, կարգի բերել և այլն, և օգտագործել տարբեր նպատակներով, նաև՝ զբոսաշրջության։ Մի զգալի մասը արդեն վնասվել է, և հիմա, քանի որ այդ վնասվելուց հետո աղմուկ-աղաղակ բարձրացավ և այլն, ինքս մասնակցել եմ մեկ-երկու խորհրդակցության այդ խնդիրների հետ կապված, և ակնհայտ էր, որ սեփականատերերն իրենք շատ շահագրգռված են։ Ասում են՝ եթե այնտեղ կա հուշարձան, ապա բերեք նաև մեր միջոցներով անգամ խելքի բերենք, ես օգտագործեմ, ասեք ինչ անեմ, ես այդպես էլ անեմ»։

Հնագետը խոսեց նաև այն մասին, որ Հայաստանում հնագիտական պեղումներ են իրականացվում գրեթե ամենուրեք, բոլոր շրջաններում, բայց հաճախ հնագիտական արշավախմբերը լուրջ հիմնախնդիրների առջև են կանգնում՝ կապված անկախության առաջին իսկ տարիներից սկսված և այսօր էլ շարունակվող՝ հողերի սեփականաշնորհման հետ։

Ավետիսյանը ցավով նշեց, որ տնտեսվարողների գործունեության արդյունքում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ վնասվում կամ ոչնչացվում են։ Հնագիտական արժեք ներկայացնող հուշարձանները վնասվում են նաև քաղաքաշինական ծրագրերի արդյունքում: «Վնասվում են նաև հուշարձաններ, որոնք դարձել են գանձագողերի թիրախ։ Ամբողջ աշխարհում է այդպես, և մենք բացառություն չենք»,-ասաց նա:

  • Կիսվել: