ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Բուսականությունից և խոտածածկույթից մաքրել են «Կարմիր եղցի» եկեղեցին

Բուսականությունից և խոտածածկույթից մաքրել են «Կարմիր եղցի» եկեղեցին

Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղից  մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք է գտնվում IX-XII դարով թվագրվող «Կարմիր եղցի» հուշարձանը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի մասնագետ Լևոն Մկրտչյանի գլխավորած հնագիտական արշավախումբը նախորդ տարվա դեկտեմբերին «Կարմիր եղցի» եկեղեցական համալիրի տարածքում պեղման և մաքրման աշխատանքներ է իրականացրել: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի կայքից:

Նշվում է, որ արշավախումբը խնդիր էր դրել բուսականությունից և խոտածածկույթից մաքրել եկեղեցու, նրան կից գավթի ներսի հատվածը, ուսումնասիրել՝ հուշարձանի արտաքին պատերը։ Սակայն, նկատի ունենալով եղանակային պայմանները (պեղումների նախորդ օրերին առատ ձյուն էր տեղացել և հողաշերտը սառած էր) հնագետները մաքրել ու պեղումներ են իրականացրել միայն եկեղեցու տարածքում` գավիթը թողնելով հետագա պեղումներին:

Հնագիտական արշավախմբի ղեկավար Լևոն Մկրտչյանի փոխանցմամբ, մինչև պեղումները սկսելը եկեղեցու և գավթի տարածքը՝ մոտ 2 մ լայնքով ազատվել է  ծառերից և մացառներից։

«Եկեղեցու պատերը, որոնք պահպանվել են 2 մ և ավելի բարձրությամբ՝ ամբողջովին ծածկված էին բուսականությամբ և հողաշերտով։ Մասնավորապես հարավային, արևելյան և արևմտյան պատերին խոշոր ծառեր էին աճել, որոնք պատաշարի քարերը առանձնացրել էին իրարից։ Այս ամենը մաքրելուց հետո բացվել է պատաշարի կրաշաղախով պատված և մանր քարերով լիցքը։

Բուսականությունից և խոտածածկույթից մաքրվել է  նաև եկեղեցու ներսը, որտեղ բացվել է քարե սալահատակը»,- ասել է Լևոն Մկրտչյանը։

Արշավախումբը եկեղեցու հյուսիսային, արևելյան և հարավային արտաքին մասերում՝ 1 մ լայնքով պեղել  և բացել է եկեղեցու հիմքերը։ Արձանագրվել է, որ սրբատաշ պատաշարի առաջին քարերը դրված են անտաշ, խոշոր գլաքարե (հյուսիս) և բազալտե (հյուսիս-արևելայն և հարավ-արևելյան անկյուն) հիմնաքարերի վրա, որոնք արևելյան և հարավային մասերում ծածկվել են ավազի և մանր քարերի լիցքով։

Լևոն Մկրտչյանի խոսքով, հուշարձանի արևմտյան մասը, որը ընկնում է գավթի մեջ՝ մաքրվել է հյուսիս-արևմտյան անկյունից մինչև եկեղեցու մուտքը։ Գրեթե 2 մ լայնքով հեռացվել է  խոտածածկը և հողաշերտը, որը հաստ չէր և արդեն 10-15 սմ խորությունից բացվել է գավթի մանր ու միջին քարերով սարքված սալահատակը։ Այն ծածկված է եղել կրաշաղախով, որը պահպանվել էր տեղ-տեղ։

Պեղումների ընթացքում հայտանբերվել են միջնադարին բնորոշ խեցամանի բեկորներ, որոնք հավաքվել և անձնագրավորվել են։

Վանական համալիրը եղել է Փառիսոսի թագավորության Միափոր գավառի նշանավոր վանքերից։ Այն պատմական աղբյուրներից առավել հայտնի է Խամշի անունով և IX–XI դդ. հանդիսացել է Աղվանից կաթողիկոսության կենտրոն։ 1980-ական թթ երկրորդ կեսին հնագիտության ինստիտուտի արշվախումբը՝ Գ․Կարախանյանի գլխավորությամբ այստեղ կատարել է հնագիտական պեղումներ։

 

  • Կիսվել: