շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բարերաները հետայսու կազմելու են Մատենադարանի տեղեկատվական քաղաքականության առանցքը. Խզմալյան

Բարերաները հետայսու կազմելու են Մատենադարանի տեղեկատվական քաղաքականության առանցքը. Խզմալյան

Մատենադարանի թանգարանի ընծայաբերման սրահում տեղի ունեցավ «Նվիրական անուններ. Մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին տարբեր տարիների Մատենադարանի խոշոր նվիրատուների ընծայաբերած ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիսավոր ելույթում Մատենադարանի տնօերն Արա Խզմալյանը նշեց, որ միջոցառումն ուներ առանձնահատուկ խորհուրդ։ 65 տարի առաջ նույն օրը Մատենադարանը ստացավ գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ, ինչի շնորհիվ պետականորեն ու մասնագիտորեն ամրագրվեցին Մատենադարանի գործունեության հիմնական ուղղությունները, որոնք անփոփոխ են մինչ օրս։

«Դրանք են ձեռագրական ժառանգության կոնսերվացումն ու վերականգնումը, մանրաժապավենների ստեղծումը, ձեռագրերի գիտական նկարագրությունն ու ցուցակագրումը, հրատարակչական, թարգմանական ու լայն իմաստով նաև հանրահռչակման աշխատանքները։ Այստեղ գործադրվեցին հայագիտության դասական սկզբունքները, այնուհետև նորոգվեցին՝ ըստ ժամանակի գիտական հրամայականի»,-նշեց Խզմալյանը։

Նրա դիտարկմամբ՝ հայ մարդու հավաքչականությունը բոլոր ժամանակներում եղել է առաքելություն, և Մատենադարանը հենց այդ բնազդի խորհրդանիշն է, քանի որ ձեռագրերի հետևում մարդկային ճակատագրեր են ու բարոյական սխրանքի պատմություններ։ Խզմալյանը երախտիքի խոսք ուղղեց բոլոր ազգանվեր անձանց, ովքեր տարբեր տարիներին իրենց անգնահատելի նվիրաբերություններով հարստացրել են Մատենադարանի հավաքածուն, համալրել նրա մեծարժեք պահոցը։

«Ձեռագրերը ներծծված են ոչ միայն աստվածաշունչ խոսքով ու աղոթքով, այլև մարդկային ապրումներով ու կենսագրությամբ, որ մատյաններին հաղորդում են թրթիռն ու էներգետիկ լիցքը, ինչին ծանոթ են ձեռագրերի հետ գործ ունեցող մարդիկ, վերականգնող մասնագետները։ Մատենադարանի ձեռագիր հավաքածուն արտացոլումն է մեր հավաքական պատմության, որի հետքերն առկա են ֆիզիկական որոշակիությամբ։ Մատենադարան մուտք գործած ամեն մի ձեռագիր հերթական վավերացումն է մեր նախնիների սխրանքի, երաշխիքը հավաքական հիշողության։ Ձեռագրերի նվիրաբերումը տարիների հետ վերաճել է հայության գոյահաստատման յուրահատուկ ակտի, դարձել hայրենիքի և սփյուռքի միասնականության հենք ու գրավական»,- ասաց տնօրենը։

Խզմալյանը տեղեկացրեց, որ բարերաները հետայսու կազմելու են Մատենադարանի տեղեկատվական քաղաքականության առանցքը և առաջիկայում շատ են լինելու անդրադարձները նվիրական անուններին։ Մատենադարանն այս տարի նախատեսում է հատուկ ցուցադրություն, որտեղ կներկայացվեն վերջին մեկ տարվա արժեքավոր ձեռագրական համալրումները։ Տնօրենի պնդմամբ՝ Մատենադարան մուտք գործած յուրաքանչյուր ձեռագիր հայտնվում է պրոֆեսիոնալ խնամքի և հոգածության հավիտենական դաշտում։

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ բարերար Վահե Բադալյանի կողմից Մատենադարանին մեծարժեք ձեռագրի ընծայաբերման հանդիսավոր արարողությունը։ Առաջին անգամ նվիրատուի համար սահմանվել էր «Մատենադարանի բարերար» ոսկե մեդալը, և քանի որ Վահե Բադալյանը գտնվում էր գործուղման մեջ, ուստի Հովհաննես Երեցի ընդօրինակած ավետարանը, որը գրվել է 1454 թվականին Բաղեշի Մզուք գյուղում, Մատենադարանին ընծայեց բարերարի որդին՝ հայտնելով, որ Բադալյանների ընտանիքն այդ արժեքավոր ավետարանը ձեռք էր բերել մասնավոր աճուրդում։ Նա հավելեց, որ Բադալյանների համար մեծ պատիվ է Մատենադարանի հավաքածուի համալրման գործում ներդրում ունենալը, իսկ ոսկե մեդալն ու հատուկ պատվոգիրը խիստ պարտավորեցնող են։

Միջոցառմանը ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Մատենադարանի հավաքածուի համալրումը վկայում է շարունակական քաղաքականության մասին։

«Դա ունի մի նպատակ, որպեսզի Մատենադարանը՝ որպես մեր ձեռագրերի պահոց և հետազոտական ուսումնասիրությունների ու ձեռագրերի վերականգնման կարևոր կենտրոն, շարունակի ամբողջ թափով աշխատել ու իրականացնել իր բոլոր գործառույթները հետագա զարգացման առումով։ Կարելի էր կարծել, որ առանց այդ էլ մեր Մատենադարանն ամենահարուստ ձեռագրապահոցն ունի և բազմաթիվ են այն ուսումնասիրությունները, որոնք արդեն իսկ եղած ֆոնդով կարելի է անել, բայց սրանով չի սահմանափակվում Մատենադարանի շատ կարևոր գործառույթը, քանի որ այն համախմբող, առաջ տանող և այդ իմաստով նաև հայագիտությունը զարգացնող կենտրոն է։ Այս քաղաքականությունը ևս մեկ վկայություն է այդ մասին»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ պետությունը Մատենադարանի կողքին է և հիշեցրեց, որ նախորդ տարեվերջին պետության աջակցությամբ ևս մեկ մեծարժեք ավետարան հանձնվեց Մատենադարանին։

«Ամենից առաջ կարևորում եմ այս կառույցի նախաձեռնողականությունը, որովհետև այնպես չէ, որ մատյանները կամ նրանց վերաբերյալ առանձին տեղեկությունները նոր են հայտնի դառնում, բայց այն, որ տվյալ ուղղությամբ զգալի ջանքեր են ներդրվում, նշանակում է, որ առաջին հերթին ուշադրություն կա Մատենադարանի կողմից, որի նախաձեռնողականությունը համախմբում է մյուսներին, կառավարությանը, մասնավոր անհատներին, ովքեր կարևորում են այս աշխատանքն ու դրան մասնակից դառնալը։ Այդ իմաստով մենք գնում ենք ճիշտ ճանապարհով։ Մատենադարանի 65-ամյակի մասին խոսելով՝ տեսնում ենք, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Նշենք, որ այս հանդիսավոր ու նշանակալի իրադարձությամբ մեկնարկում է Մատենադարանի՝ որպես Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը:

  • Կիսվել: