կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բաց նամակ վարչապետին. լուծարել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, նախաձեռնել «Մշակութային հիմնադրամ»-ի հիմնադրումը

Բաց նամակ վարչապետին. լուծարել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, նախաձեռնել «Մշակութային հիմնադրամ»-ի հիմնադրումը

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ հայկական կինոյի կառավարման դաշտում օրինականության ճգնաժամի և հայկական կինոարտադրության խորը անկման մասին իր մտահոգությունները փոխանցելով և ճգմաժամը հաղթահարելուն ուղղված արդյունավետ հրատապ գործողությունների անհրաժեշտությունը կարևորելով։

Բաց նամակը ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին

Տիկին Անդրեասյան, տյար Դանիելյան,

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան», որն աշխարհով մեկ սփռված հայազգի կինոպրոֆեսիոնալներին միավորող նախաձեռնություն է, դիմում է ձեզ՝ հայկական կինոյի կառավարման դաշտում օրինականության ճգնաժամի, հայկական կինոարտադրության խորը անկման, կինոփառատոնային, շուկայական էական հաջողությունների բացակայության, պետական ֆինանսավորման մեխանիզմների անկատարության մասին իր մտահոգությանները փոխանցելով և կարևորելով ճգմաժամը հաղթահարելուն ուղղված արդյունավետ հրատապ գործողությունների անհրաժեշտությունը։

16.07.2021թ-ին ուժի մեջ է մտել «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքը», որը սահմանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության սկզբունքները, պետական աջակցության նպատակներն ու ձևերը, կարգավորում է կինեմատոգրաֆիական գործունեության իրավական, կազմակերպական և ֆինանսական հարաբերությունները։

Օրենքի 2-րդ և 3-րդ գլուխները սահմանում են կինեմատոգրաֆիայի ոլորտում որևէ դերակատարում ունեցող մարմինները եւ դրանց լիազորությունները։ Մասնավորապես, Օրենքը (3-րդ գլուխ, 10,11,12) սահմանում է, որ «Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի բացառիկ լիազորություններ կինոնախագծերին պետական ֆինանսավորման նպատակով մրցույթներ կազմակերպելու և անցկացնելու գործում»:

Ըստ օրենքի, «Ազգային մարմնի» կառավարման բարձրագույն մարմինը յոթ անդամից բաղկացած խորհուրդն է, որում ընդգրկվում են՝

  1. լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե,
  2. հանրային ֆինանսների կառավարման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե,
  3. տնտեսության ճյուղերի զարգացման ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարը՝ ի պաշտոնե,
  4. կինոլորտի պրոֆեսիոնալ չորս մասնագետ (այդ թվում՝օտարերկրյա) մրցույթային կարգով:

Իսկ ազգային մարմնի՝ կինոհիմնադրամի տնօրենի պաշտոնին երեք տարի ժամկետով կարող է հավակնել «լիազորված պետական մարմնի սահմանած չափանիշների միավորների հանրագումարով առավելագույն բալեր հավաքած տնօրենի պաշտոնի երեք հավակնորդներից այն թեկնածուն, որի ոլորտային բարեփոխման և զարգացման ծրագիրն արժանանում է խորհրդի հավանությանը»:

Ինչպես տեսնում եք, «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքը» չի նախատեսում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի առկայությունը կամ մասնակցությունը ՀՀ-ում կինոյի պետական կառավարման գործընթացում:

Օրենքով նախատեսված Կառավարության որոշումներն ու այլ նորմատիվ իրավական ակտերը պետք է վավերացվեին տվյալ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից (16.07.2021թ)` մեկ տարվա ընթացքում (անցել է երկու տարի և երեք ամիս):

Չնայած վերոնշյալին և ի հակասումն «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի կարգավորումներին, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը մինչ օրս շարունակում է գործել, իսկ ՊՈԱԿ-ի, դեռևս 2017թ-ին, ոչ ավելի, քան վեց ամսով ժամանակավոր պաշտոնակատար նշանակված տնօրենը մինչ օրս չունենալով իրավունք շարունակում է պաշտոնավարել, անցկացնել ֆիլմերին պետական ֆինանսական աջակցության մրցույթներ և իրականացնել այլ ֆինանսական գործառույթներ:

2018-2019թթ. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի հաշվեքննության եզրակացությունում արձանագրված է, որ «...14.07.2017թ.-ին «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության փոփոխության արդյունքում, 5-րդ բաժինը (կազմակերպության կառավարում) խմբագրվել է, համաձայն որի՝ «կազմակերպության կառավարումը իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը՝ խորհուրդը, որը կազմված է 7 անդամներից»: Սակայն, լիազոր պետական մարմնի կողմից խորհուրդ չի ստեղծվել: Փաստորեն՝ Կինոկենտրոնի կառավարումը չի համապատասխանում կանոնադրությամբ սահմանված կառավարման ձևին:

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի վերջին 6 տարիների ընթացքում ոչ օրենսդրական դաշտում գործող հանձնաժողովների որոշումների արդյունքում առկա են պետական ֆինանսավորում ստացած տասնյակ անավարտ և էկրան չբարձրացած ֆիլմեր, ավելի սակավ թվով ավարտված խաղարկային ֆիլմերը տապալվել են շուկայում և չունեն փառատոնային էական հաջողություններ։ Այս տապալումները փաստում են, որ օրենսդրական դաշտից դուրս գործող կառույցը չի նպաստել և չի կարող նպաստել Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմանը։

Դատե՛ք ինքներդ, 2017թ-ից, ՀՀ ներկայացնող ոչ մի ռեժիսորի ֆիլմ չի ներառվել Ա դասի համաշխարհային կինոփառատոների մրցույթում, չի ստացել գոնե մեկ մրցանակ FIAPF-ի կողմից դասակարգում ունեցող քիչ թե շատ հայտնի որևէ փառատոնում, չի արձանագրել հաջողություն վարձույթում։ ՀՀ-ում իսպառ բացակայում է պետության կողմից ֆինանսավորում ստացած ֆիլմերի մասին վիճակագրությունը, այդ ֆիլմերի կարգավիճակի, արտադրության ընթացքի, ներդրված գումարների, շուկայում աշխատած գումարների (box office) մասին տեղեկատվությունը, ինչը, քաղաքակիրթ աշխարհում, կինոյի ազգային կառույցի ուղիղ պարտականությունն է։ Միջազգային խոշոր կինոփառատոներում, մեր անմիջական հարևաններ՝ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի կինեմատոգրաֆիական փայլուն հաղթանակների ֆոնին, անհնար է չնկատել Հայաստանը ներկայացնող ֆիլմերի բացակայությունը, դրա հետ մեկտեղ, այդ նույն փառատոներին ՀՀ պատվիրակությունների անիմաստ, բազմանդամ ֆիզիկական ներկայությունը։

Ելնելով վերը նշված դիտարկումներից, մենք՝ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության անդամներս, համարում ենք «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ Օրենքի» առկայության պայմաններում «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը օրենքից դուրս, իսկ նրա ձևավորած հանձնաժողովների ինքնուրույնությունն ու մասնագիտական ունակությունները՝ խոցելի։

Մենք առաջարկում ենք՝

  1. Առաջնորդվելով ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ի կողմից պատգամավորների բացարձակ մեծամասնության «կողմ» քվե ստացած և ՀՀ Նախագահի կողմից՝ 16.07.2021թին վավերացված «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով, լուծարել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը և այդ կապակցությամբ կատարել փոփոխություններ՝ վերաբերելի իրավական ակտերում («Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության՝ 2002 թվականի ապրիլի 17-ի N 417-Ն որոշում և այլն),
  2. Նախաձեռնել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ազգային մարմնի՝ «մշակութային հիմնադրամ»-ի հիմնադրումը:
  3. Մինչև «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի» լիարժեք գործելը և այդ օրենքով նախատեսված «Մշակույթային կինոհիմնադրամի» ստեղծումը, հիմնադրամի խորհրդի ձևավորումը և «Ազգային մարմնի» կազմավորումը, կասեցնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ֆիլմերի ֆինանսավորման մրցույթներ անցկացնելու գործառույթը։
  4. Կինեմատոգրաֆիայի պետական ֆինանսավորման գործընթացի անխափանության, անաչառության ու մասնագիտական կոմպետենտության ապահովման նպատակով, լիազոր պետական մարմնի համակարգմամբ ստեղծել կինոոլորտի պրոֆեսիոնալներից հանձնախումբ, որը կմշակի Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքի կարգավորումներին համապատասխանող նոր կանոնակարգ՝ «Պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը» ժամանակավորապես ՀՀ ԿԳՄՍ նախարարության հարկի ներքո կազմակերպելու նպատակով։
  5. Սույն ուղերձի բովանդակությունը, ենթատեքստային մանրամասները, հայկական կինոինդուստրիայում օրենսդրական և արտադրական խորը ճգնաժամը հաղթահարելու առաջարկները և ճանապարհային քարտեզը քննարկելու նպատակով, հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել հանդիպում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների և «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնության պատվիրակների մասնակցությամբ։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնություն՝

  1. Դավիթ Հակոբյան, պրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ
  2. Լիլիթ Գասպարյան, պրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ
  3. Տիգրան Նալչաջյան, պրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ
  4. Վահան Խաչատրյան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ
  5. Արամ Մանուկյան, պրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիս
  6. Արտուշ Կիրակոսյան, պրոդյուսեր
  7. Ռոմեն Ծատուրյան, պրոդյուսեր, բեմադրող օպերատոր
  8. Անի Գալստյան, պրոդյուսեր
  9. Սաթիկ Ստեփանյան, կինոճարտարագետ, կինոմոնտաժի ռեժիսոր, Կինեմատոգրաֆիստների միութենական կոնֆեդերացիայի և Հայաստանի կինոգործիչների միության անդամ
  10. Մարտին Հուրիխանյան, կինոգետ, սցենարիստ, կինոխմբագիր
  11. Սերգո Ուստյան, պրոդյուսեր, սցենարիստ
  12. Կարեն Արշակյան, պրոդյուսեր, հնչյունային օպերատոր
  13. Գենադի Բեկնազարով, հնչյունային ռեժիսոր
  14. Կարեն Ծատուրյան, պրոդյուսեր, ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր
  15. Հովհաննես Գալստյան, պրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ

  • Կիսվել: