Այսօր տեղի կունենա «Քեզ համար, Բեյրութ» խորագրով առցանց բարեգործական համերգ
Այսօր` սեպտեմբերի 19-ին, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության նախաձեռնությամբ տեղի կունենա «Քեզ համար, Բեյրութ» խորագրով առցանց բարեգործական համերգ՝ աշխարհի տարբեր կողմերում բնակվող հայ երգիչների մասնակցությամբ։
Այս մասին «Արցախպրես»,-ի թղթակցի հետ զրույցում ասել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը:
Նրա խոսքով՝ համերգին Արցախից կմասնակցեն «Արցախի ձայներ» երաժշտական նախագծի անդամները:

Բարեգործական համերգը հնարավոր է դիտել «Hamazkayin Hartag Youtube» ալիքով եւ Լիբանանի «Ասպարեզ» թերթի դիմատետրի էջով՝ «Asbarez Facebook page»։ Աշխարհի չորս ծագերում բնակվող, սիրված հայ երգիչ-երգչուհիները, երաժիշտները եւ արվեստագետները կմիանան այս կարևոր նախաձեռնությանը: Համերգին կմասնակցեն՝ Արա Մալիքյանը, Սերուժ Գրաճյանը, Սիպիլը, Անդրեն, Արա Գևորգյանը, Սեպուհ Սիմոնյանը, Ջիվան Գասպարյանը, Հարութ Փամբուկչյանը, Ռոզի Արմենը, Այլին Խաչատրյանը, Էրմոնիան, Միշան, Արցախի ձայները, Եսայի Ալթունյանը, Էմմա Պետրոսյանը և Արամոն, Էմմին, Անժելա Ամիրյանը, The Beautified Project, Colegio Armenio Vincente Lopez Choir : Ծրագրին կմիանան նաեւ Կարո Փայլանը, Գագիկ Գասպարյանը, Արսինե Խանջյանը, Ատոմ Եկոյանը, Հովիկ Քեոշկերյանը, Վիգեն Ստեփանյանը և Վահե Պերպերյանը: Սույն համերգին առաջին անգամ կհնչի «Հայու ոգին» (խոսք՝ Մուշեղ Իշխանի, երաժշտությունը՝ Արմենուհի Կարապետյանի) երգը, որին կմասնակցեն բոլոր նշյալ երգիչ-երգչուհիները:
Այս համերգի գլխավոր նպատակն է ոչ միայն նեցուկ կանգնել Բեյրութի աղետի վերականգնման գործընթացին, այլև բարոյական նոր կորով ու լավատեսություն ներշնչելու մեր հայրենակիցներին, ովքեր կորուստներից հետո կարիք ունեն ապագայի հանդեպ վերստին հավատով ներշնչվելու: Ավերից հետո դեռ լուսաբացներ են լինելու, եւ պետք է հավատալ դրանց»,- ավելացրել է Հ.Ավագյանը:
Նա նշել է, որ «Քեզ համար, Բեյրութ» խորագրով առցանց համերգի ընթացքում բոլոր ցանկացողները կարող են միանալ նվիրատվությանը: