ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ավրորայի լուսաբացը» առաջիկա օրերին կմասնակցի միանգամից չորս փառատոնի

«Ավրորայի լուսաբացը» առաջիկա օրերին կմասնակցի միանգամից չորս փառատոնի

Պետական ֆինանսական աջակցություն ստացած «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը առաջիկա օրերին մեկը մյուսին հաջորդելով մասնակցելու է միանգամից չորս փառատոնի։

Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ Իտալիայում ֆիլմի պրեմիերան կանցկացվի Տրիեստի կինոփառատոնում /Trieste Film Festival - Alpe Adria Cinema/, ֆիլմը կցուցադրվի Alpe Adria կինոթատրոնում, որին կհաջորդի հանդիպում-քննարկում ռեժիսոր Իննա Սահակյանի և գեղարվեստական ղեկավար Տիգրան Առաքելյանի հետ։

Շվեդիայում ֆիլմի պրեմիերան կանցկացվի Գյոթեբորգի կինոփառատոնի շրջանակում / Göteborg Film Festival/ ինչպես օֆլայն, այնպես էլ առցանց հարթակներում: Ֆիլմի ավստրալիական պրեմիերան կանցկացվի Եվրոպա-Եվրոպա / Europa Europa Film Festival /կինոփառատոնի շրջանակում Մելբուռնում և Սիդնեյում: Ֆինլանդական պրեմիերան կանցկացվի Հելսինկիում՝ վավերագրական ֆիլմերի DocPoint - Helsinki Documentary Film Festival կինոփառատոնում:

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական կազմին մաղթում է հաղթանակներ ու հաջողություններ:

«Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

  • Կիսվել: