շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Արմենիա» փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ ամերիկացի ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր Գիլ Շահամը

«Արմենիա» փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ ամերիկացի ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր Գիլ Շահամը

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթ ունեցավ համաշխարհային հռչակ վայելող ամերիկացի ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր Գիլ Շահամը։

Երեկոն բացվեց Ջիվան Տեր-Թադևոսյանի Լիրիկական պոեմով, այնուհետև ջութակահար Գիլ Շահամը երաժշտասերներին ներկայացրեց Ալեքսեյ Շորի Ջութակի կոնցերտը և Պաբլո Սարասատեի «Կարմեն-ֆանտազիան» ջութակի և նվագախմբի համար, ինչը մեծ ընդունելության արժանացավ երաժշտասերների կողմից։ Գիլ Շահամը երկրորդ անգամ էր Երևանում և ընդգծեց, որ ուրախ է վերադառնալ Հայաստան. մաս կազմել «Արմենիա» փառատոնին և նույն բեմում հանդես գալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Սերգեյ Սմբատյանի հետ։ Ջութակահարը նաև նշեց, որ Հայաստանը երաժշտության հատուկ երկիր է՝ գիտելիքներով հարուստ մարդկանցով, որոնք այնքան շատ են սիրում ու գնահատում դասական երաժշտությունը։

Ի դեպ, Գիլ Շահամը նվագում է ամերիկաբնակ վինագործ Անդրանիկ Գայբարյանի պատրաստած ջութակով, ով նույնպես ներկա էր համերգին։ Անդրանիկ Գայբարյանի պատրաստած գործիքներն ամբողջ աշխարհում բարձր են գնահատվում իրենց հզոր և հարուստ հնչողության, որակական և գեղագիտական բարձր մակարդակի համար։ Տասնամյակներ շարունակ դրանք պահանջված են երաժշտական աշխարհում։ Բազմաթիվ հեղինակավոր երաժիշտներ են նվագում հայազգի վինագործի գործիքներով՝ Զախար Բրոն, Կիմ Քաշքաշյան, Վադիմ Ռեպին, Ռոման Տոտենբերգ և այլք։ Երեկոյի ընթացքում իր պատրաստած ջութակներից մեկը վինագործ վարպետը նվիրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։ Անդրանիկ Գայբարյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Նվիրելով ջութակը՝ ես ուրախ եմ իմ փոքր ներդրումն ունենալ այս հրաշալի կոլեկտիվի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետագա զարգացման գործում»,- ջութակի հանձնման ժամանակ ասաց Անդրանիկ Գայբարյանը։

«Արմենիա» միջազգային փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովի նախաձեռնությամբ և մինչ օրս շարունակում է անցկացվել համատեղ ջանքերով։ Փառատոնն ամեն տարի Երևանում հյուրընկալում է միջազգային մեծ ճանաչում ունեցող մենակատարների և դիրիժորների որոնց հետ հանդիպումը մեր մայրաքաղաքում եզակի հնարավորություն է դառնում ոչ միայն տեղացիների, այլև մեծ թվով երաժշտասեր զբոսաշրջիկների համար։ Այս կերպ փառատոնը փորձում է մեր մշակութային կյանքը հարստացնելուն զուգահեռ նաև նպաստել Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացմանը։ Եվ այս նպատակին սատարելու համար փառատոնին աջակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն։

  • Կիսվել: