շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում

Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ալեն Մարգարյանի հեքիաթները նոր շունչ ստացան Տիկնիկային թատրոնի բեմում

 «Դետեկտիվ Ալենը» տիկնիկային ներկայացման գլխավոր հերոսը հետախույզ Սմիթն է, որը որոշում է իրականացնել իր երազանքն ու նվաճել աշխարհը: Նա վստահ է, որ դա անելու համար անհրաժեշտ է լինել աշխատասեր, ընթերցասեր, խելացի և ամենագլխավորը՝ բարի, կարեկից:

Ներկայացումը, որի հիմքում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Ոսկե արծիվ շքանշանակիր Ալեն Մարգարյանի հեքիաթներն են, Մարգարյանի մահվան օրը՝ սեպտեմբերի 30-ին, համալրեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի խաղացանկը:

Առաջնախաղին դահլիճում ներկա և՛ փոքրիկները, և՛ մեծահասակները բուռն էին արձագանքում՝ հետևելով գլխավոր հերոսի հետաքրքիր ճամփորդությանը:

Ալեն Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, խոստովանեց, որ սեպտեմբերի 30-ը իր կյանքի ամենատխուր օրացույցային օրն է վերջին երկու տարում, քանի որ  իր որդին հենց այդ օրն է անմահացել՝ դառնալով հավերժի ճամփորդ: «Մի փոքր լույս  ծագեց նրա միջոցով, քանի որ նա անմահացավ երկրորդ անգամ արդեն տիկնիկային ներկայացման և Ալեն տիկնիկի միջոցով: Ներկայացման ծնունդը և այն փաստը, որ Ալենը մեկ անգամ ևս հավերժանում է՝ յուրաքանչյուր մանկան սրտում տեղ գտնելով, հուզիչ է: Համոզված եմ, որ այս բեմադրությունը լավագույն նվերն է լինելու բոլոր մանուկների համար»,-նշեց Տերտերյանը:

Նազելի Տերտերյանի խոսքով՝ Ալենը ստեղծագործում էր՝ առակներ, պիեսներ էր գրում, ֆիլմեր նկարում: «Դեռ մանուկ տարիքում նրա  ստեղծագործական ջիղն ի հայտ էր գալիս տարբեր առիթներով: Նա դեռ գրաճանաչ չէր, երբ աշնան մի  երեկո, երբ անձրևախառն եղանակ էր, փոքրիկ մի տերև ընկավ պատուհանագոգին: Ալենը կտրուկ արձագանքեց ու խնդրեց, որ տերևը ներս բերենք: Նա պատմություն հորինեց տերևի մասին ու խնդրեց, որ գրի առնեմ այն»,-պատմեց Ալենի մայրը:

 

  • Կիսվել: