հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առասպելական երեկո նվիրեցին. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերը եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են

Առասպելական երեկո նվիրեցին. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հյուրախաղերը եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հունվարին կայացած եվրոպական համերգային շրջագայությունը մեծ արձագանք է գտել արտասահմանյան լրատվամիջոցներում։ The Times, Seen and Heard International, BBC Radio, Süddeutsche Zeitung, Planet Hugill, Classic FM… Սա արտասահմանյան լրատվամիջոցների ոչ ամբողջական ցանկն է, որոնք անդրադարձել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերին։ Այս մասին գրում է Aravot.am կայքը։

Seen and Heard International պարբերականը մանրամասն ներկայացնում է Ջոն Տեր-Թադևոսյանի կենսագրությունը, նրա ստեղծագործական ուղին և մասնավորապես՝ Երկրորդ սիմֆոնիայի ստեղծման պատմությունը։ Հեղինակը, խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին, նկատել է, որ Լոնդոնի Բարբիկան կենտրոնում կոլեկտիվն առասպելական մի երեկո է նվիրել։ Նշվել է, որ 14 տարի առաջ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից հիմնադրված նվագախումբը հիանալի մի կոլեկտիվ է՝ չունենալով որևէ թույլ կողմ։ Հոդվածի հեղինակը բարձր է գնահատել նվագախմբի գործիքային բոլոր կազմերի հնչողությունը։

The Times-ը նվագախմբի ելույթն անվանել է մարտական, մուգ երանգներով գունավորված։ Պարբերականը հատկապես առանձնացրել է նվագախմբի փողային կազմի կատարողական արվեստը։ Նշվում է, որ Ջոն Տեր-Թադևոսյանի արվեստն առաջին անգամ է ներկայացվել Եվրոպայում։ Պարբերականը մեծապես արժևորում է նաև ջութակահար Մաքսիմ Վենգերովի ելույթը։

BBC Radio-ին տված հարցազրույցում դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու ջութակահար Մաքսիմ Վենգերովը‚ որն ընթացիկ համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստն է‚ խոսել են համագործակցության մասին։ Մաեստրո Սմբատյանն անդրադարձել է հայկական երաժշտությանը, սիմֆոնիկ նվագախմբի գործունեությանը։


  • Կիսվել: