շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ապրիլի 10-ի վաղ առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվելու է Անդաստանի արարողություն

Ապրիլի 10-ի վաղ առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվելու է Անդաստանի արարողություն

Ապրիլի 10-ին Հայաստանյան Առաքելական եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդի՝ Փրկչի Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը։ Վաղ առավոտյան բոլոր եկեղեցիներում կատարվելու է Անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության արարողություն։ Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ֆեյսբուքյան էջից։

«Անդաստանի արարողության խորհուրդը աշխարհի չորս կողմերի օրհնությունն է: Հնում անդաստանի արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս` արտերի եւ այգիներ մեջ: Եկեղեցական տոնացույցի համաձայն` «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով` աշխարհի չորս կողմերն օրհնել:

Արարողության ժամանակ հոգեւոր դասը խաչով, խաչվառով, մոմերով, քշոցներով եւ Ավետարանով, երգելով նախ օրհնում է արեւելքը եւ Հայոց Հայրապետությունը` ս. Խաչի եւ Ավետարանի նշանով, օրվա շնորհով եւ հանուն Սուրբ Երրորդության: Այնուհետեւ օրհնվում է արեւմտյան կողմը աշխարհի եւ պահպանության խնդրանք է երգվում քրիստոնյա թագավորությունների եւ ազգերի համար:

Դեմքով դեպի հարավ կանգնելով` օրհնում են հարավային կողմը, երկրները, անդաստանները եւ տարվա պտղաբերությունը: Դեպի հյուսիս դառնալով` օրհվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, մենաստանները, քաղաքներն ու գյուղերը եւ նրանց բնակիչները:

Անդաստանի արարողությունը տոնացույցի համաձայն, տարվա ընթացքում կատարվում է հետեւյալ տոներին. Զատկին, Երեւման ս. Խաչին, Համբարձումին, Երկրորդ Ծաղկազարդին, Խաչվերացին, Կաթողիկե ս. Էջմիածնի տոնին, Պայծառակերպության` Վարդավառին, Աստվածածնի Վերափոխմանը, Ծաղկազարդին` առավոտյան եւ երեկոյան, Նոր Կիրակիին, Կարմիր Կիրակիին, Տյառնընդառաջին` երեկոյան, իսկ Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակիին եւ Հինունքին` առավոտյան»։

  • Կիսվել: