չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Անդրեասյանը ներկա է եղել Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացման արարողությանը

Անդրեասյանը ներկա է եղել Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացման արարողությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, ՀՀ կառավարության անդամներ, մշակույթի ոլորտի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
 
«Խորհրդանշական է, որ չորս տարվա սպասումից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացումն իրականացվում է Արվեստի համաշխարհային օրը և Արշիլ Գորկու ծննդյանը օրը, որն առանձնահատուկ է դառնալու նաև պատկերասրահում պահպանվող անվանի արվեստագետի հեղինակած ցուցանմուշի ցուցադրությամբ»,- ողջույնի խոսում նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը։
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել կատարված դժվարին ու պատասխանատու աշխատանքի համար՝ տեղեկացնելով, որ պատկերասրահի վերանորոգման համար ավելի քան 800 մլն դրամի հատկացում է արվել։
 
«Պատկերասրահում համապատասխան միջավայր ստանալու աշխատանքն արվել է մեծագույն մանրակրկտությամբ, որովհետև մենք չենք խոսում ուղղակի շենքի, այլ Հայաստանի Հանրապետության հրապարակի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկի մասին, որի կառուցման մեկնարկի 100-ամյակը կնշվի 2026 թվականին։ Հայաստանի ազգային պատկերասրահն ունի պատմություն և միջավայր, որի պահպանումն ու վերանորոգումն առաջնային խնդիր էր»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել վերանորոգման աշխատանքներն իրականացրած թիմին։
 
Նախարարի խոսքով՝ չորս տարվա վերափոխումից հետո պատկերասրահի ցուցադրությունը հարությանը ներկայացվում է նոր տեսքով, բովանդակային նոր լուծումներով և հնարավորություններով: «Ցուցադրության տարբեր ձևաչափերն ու մտահղացումները ցույց են տալիս, որ արվեստը սահմաններ չունի և տարբեր ձևերով կարող է մեզ հետ խոսել»,- ասել է նա։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ևս ողջունել է ներկաներին և հանգամանորեն ներկայացրել կատարված վերանորոգման և ստեղծագործական աշխատանքը։
 
Ժամանակակից լուծումներ և վերաձևավորված ցուցասրահներ
 
2021 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահում սկսվել են վերանորոգման աշխատանքները: Փոխվել ու արդիականացվել են օդափոխության, ջերմախոնավային համակարգերը, տեղադրվել են նոր վերելակներ: Վերանորոգման և արդիականացման աշխատանքներ են իրականացվել մի շարք մասնաճյուղերում։ Ժամանակակից լուծումներով վերաձևավորվել են ցուցասրահները:
 
Հայաստանի ազգային պատկերասրահը բացում է իր ֆոնդապահոցները
 
Մշտական ցուցասրահներ են վերադարձել ոչ միայն մեծանուն վարպետների գլուխգործոցները, այլև պահոցներից ցուցասրահներ են հասել երբևէ չցուցադրված կարևոր նմուշներ: Ավելի քան 41.000 արվեստի ստեղծագործություն և 200.000-ից ավելի արխիվային բացառիկ նյութեր ընդգրկող թանգարանային հավաքածուից այսօր հնարավոր է ցուցադրել միայն 5%-ը` պատկերասրահի ցուցադրատարածքի սահմանափակ լինելու պատճառով: Պատկերասրահի նոր՝ շարժական-մոբիլ ցուցադրության մոդելի շնորհիվ, սակայն, այցելուները պարբերաբար կտեսնեն նախկինում չցուցադրված, այդ թվում՝ մշտական ցուցադրությունում երբևէ չընդգրկված գրաֆիկական թերթեր և հազվագյուտ գանձեր պահոցից։
 
Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացված մշտական ցուցադրության տասնյակ սրահներում ներկայացված են հայկական կերպարվեստի ականավոր գործիչների` Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մյուսների գործերը։ Ցուցադրված են նաև իտալական վերածննդի և բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչների կտավները։
 
Կամուրջ ժամանակի և արվեստների միջև
 
Վերաբացման տոնական արարողության ընթացքում ներկայացվել է արվեստի տարբեր ձևերի միաձուլումը։ Հայաստանի ազգային պատկերասրահի տարբեր հարկերում ժամանակակից հայ արվեստագետները ներկայացրել են հատուկ համադրված երաժշտական կատարումներ՝ ընդգծելով պատկերասրահի դերն իբրև կամուրջ` դասականի ու ժամանակակցի, վիզուալ արվեստի ու երաժշտության, անցյալի ու ապագայի միջև: Տարբեր ցուցասրահներում ներկայացվել են ինտերակտիվ աուդիոինստալյացիաներ և փորձարարական երաժշտական փերֆորմանսներ:
 
Պաշտոնական բացման արարողության ընթացքում ՀԱՊ-ը պատրաստել էր խորհրդանշական անակնկալ․ ցուցադրությամբ ներկայացվել է Արշիլ Գորկու «Կժով կինը» ստեղծագործությունը /թուղթ, մատիտ/։ Այն նկարչի քրոջ՝ Վարդուհի Մուրադյանի նվիրատվությունն է Վահագն Դավթյանի միջոցով /1974 թ․/։

  • Կիսվել: