ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ախալքալաքի տիկնիկային թատրոնն արժանացել է մրցանակների

Ախալքալաքի տիկնիկային թատրոնն արժանացել է մրցանակների

Ախալքալաքի «Պույ-Պույ» տիկնիկային թատրոնը դեկտեմբերի 15-ից 18-ը մասնակցել է «მზიანი საქართველო» («Արևոտ Վրաստան») փառատոնին, որն անցկացվել է Բակուրիանիում, գրում է jnews.ge-ն:

Բակուրիանիում «Արևոտ Վրաստան» փառատոնն անցկացվել է երրորդ անգամ: Վրաստանի շրջաններից մասնակցել են ութ թատերախմբեր՝ Ախալցիխե քաղաքից, Ճիաթուրայից, Ծղալտուբոյից, Բաթումից, Գուրջանիից…

Բակուրիանի կինոթատրոնում Ախալքալաքի տիկնիկային թատրոնը ելույթ է ունեցել երկրորդ օրը։ «Պույ-Պույ»-ը հայերենով ներկայացրել է վրացական «Աղվեսի դատավճիռը» հեքիաթը։

Փառատոնի 4 օրերի ընթացքում, բացի թատերական ներկայացումներից, կազմակերպվել էր տիկնիկային շքերթ, որից հետո յուրաքանչյուր թատրոն ներկայացրել է փոքրիկ երաժշտական ներկայացում՝ մաղթանքներով, Բակուրիանիի բնակիչների համար։

4-րդ օրը տեղի ունեցել մրցանակաբաշխություն, որի ընթացքում Սամվել Խոդիկյանի ղեկավարությամբ «Պույ-Պույ» տիկնիկային թատրոնը պարգեւատրվել է ռեժիսուրայի, ինչպես նաեւ թատրոնի կենսունակության համար։ Սամվել Խոդիկյանը ստացել է լավագույն տիկնիկագործի կոչումը:

«Բակուրիանցիները մեզ դիմավորեցին ամենաբարձր մակարդակով, իհարկե, սա տիկին Թեայի (խմբ. Թեա Դավիթայա՝ փառատոնի կազմակերպիչ) և նրա թիմի՝ Բեսո Լոմսաձեի, Խվիչա Ախալայայի և այլոց վաստակն էր։ Մեզ համար նույնիսկ էքսկուրսիա կազմակերպեցին, հատուկ գործարկեցին «Կոխտա Գորա» ճոպանուղին»,- ասում է Սամվել Խոդիկյանը։

«Արևոտ Վրաստան» փառատոնին Ախալքալաքի տիկնիկային թատրոնի մասնակցության համար ուղևորության և կացարանի ֆինանսավորումը հատկացրել էր Ախալքալաքի քաղաքապետարանը։

  • Կիսվել: