երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
4К ձևաչափով վերականգնված հայկական ֆիլմերը կցուցադրվեն Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում

4К ձևաչափով վերականգնված հայկական ֆիլմերը կցուցադրվեն Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող ֆիլմերի թվայնացման և վերականգնման պետական ծրագրի շրջանակում` Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հայկական ֆիլմերը վերականգնվել են 4К ձևաչափով:

Նախարարությունից տեղեկացնում են, որ աշխարհի ամենահեղինակավոր մշակութային հարթակներից մեկում` Նյու Յորքի MoMA ժամանակակից արվեստի թանգարանում՝ To Save and Project: The MoMA International Festival of Film Preservation 20-րդ միջազգային փառատոնի շրջանակում, կցուցադրվեն հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Տունը հրաբխի վրա» (1928 թ.) և «Երկիր Նաիրի» (1930 թ․) ֆիլմերը՝ 4К վերականգնված ձևաչափով:

2022 թվականի հունվարին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում To Save and Project փառատոնի շրջանակում ցուցադրվել և թանգարանի մշտական պահպանությանն է հանձնվել Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 4K ձևաչափով վերականգնված ֆիլմը՝ ժապավենային տարբերակով:

Այն թանգարանի մշտական պահպանությանը հանձնված առաջին հայկական ֆիլմն է: Այս ֆիլմը նույնպես վերականգնվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

 

  • Կիսվել: