կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զոհված շրջանավարտի հիշատակին Հայ-իտալական կրթահամալիրի բակում խաչքար է կանգնեցվել

Զոհված շրջանավարտի հիշատակին Հայ-իտալական կրթահամալիրի բակում խաչքար է կանգնեցվել

Այսօր՝ փետրվարի 23-ին, Ստեփանակերտի Հայ-իտալական կրթահամալիրի բակում խաչքար է կանգնեցվել` նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած սերժանտ, նախկին արհեստագործական ուսումնարանի սան Արսեն Մարդիյանի հիշատակին։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ խաչքարի տեղադրման նախաձեռնությունը պատկանում է «Առաջ Արցախ» երիտասարդական հասարակական կազմակերպությանը, որի անդամ էր հանդիսանում նաև Արսենը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեզ հետ զրույցում կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանն ասել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում կառույցն առաջին անգամ է նմանօրինակ միջոցառում կազմակերպում:

Բնութագրությունը հասանալի չէ

««Առաջ Արցախ» կազմակերպության և իմ անունից գլուխ եմ խոնարհում բոլոր քաջորդիների հիշատակի առաջ. նրանք իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի փրկության սուրբ գործի համար: Շնորհակալ ենք նրանց ծնողներին, որ դաստիարակել են նման հայորդիների ու նրանց հոգում սերմանել հայրենասիրություն:Պատերազմի թողած վերքերը խորն են ու անբացատրելի, իսկ մենք պարտավոր ենք ուժեղանալ ու պայքարել` հանուն հերոս տղաների: Այսքան կորուստներից հետո մենք չպիտի զենքը մեր ձեռքից ցած դնենք, լինենք աչալուրջ ու շարունակենք շենացնել մեր երկիրը»,-նշել է Ա. Հայրապետյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Հերոսի Հայոց պատմության ուսուցչուհի Վեներա Ջալավյանի խոսքով՝ Արսենն ուսումնարանի ամենահամեստ, ամենակարգապահ ու ամենախելացի աշակերտներից մեկն էր: «Դասերի ժամանակ նա շատ էր հարցեր տալիս մեր պատմության մասին, իսկ ես պատասխանում էի։ Այս անգամ Արսենը պատասխանեց` այդ պատմությանը նվիրելով կյանքը: Նա նահատակվեց, որպեսզի ծնվեն բյուր Արսեններ։ Իսկ հերոսները կշարունակեն ապրել, քանի դեռ մենք հիշում ենք նրանց»,-ասել է Վ. Ջալավյանը:

ԱՀ նախագահի հրամանագրով` Արսեն Մարդիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Նրա ծնողների միակ մխիթարանքն այսօր ավագ եղբոր որդին է՝ փոքրիկ Արսենը, ով ծնվել է հերոսի զոհվելուց երեք օր անց:

  • Կիսվել: