չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Զինադադարից հետո մինչ այժմ հայտնաբերվել և  տարհանվել է 1552 աճյուն․ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

Զինադադարից հետո մինչ այժմ հայտնաբերվել և  տարհանվել է 1552 աճյուն․ ԱԻՊԾ-ն ամփոփում է շաբաթը

2021 թվականի ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 702 զանգ: 

 
 

Նախորդ շաբաթվա համեմատ հանրապետության տարածքում նվազել է հրդեհի մասին ստացված հաղորդումները: Մեկ շաբաթվա կտրվածքով գրանցվել է 5 հաղորդում է, որից 4-ը՝ Ստեփանակերտում, մեկը՝ Ասկերանում: 

Հրդեհների բռնկման հիմնական պատճառը քաղաքացիների անզգուշությունն է:

911 ահազանգման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին գրանցվել է 1 կանչ: Պատահարի հետևանքով տուժել է 2 քաղաքացի: Փրկարարները վերջիններիս ցուցաբերել են առաջին օգնություն և տեղափոխել հանրապետական բժշկական կենտրոն: 

Նվազել են նաև զենք-զինամթերքի հայտնաբերման վերաբերյալ կանչերը: Ստացված 29 կանչից 15-ը եղել են կյանքի համար վտանգ ներկայացնող զինամթերքի հայտնաբերման մասին: ԱԻՊԾ սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերները, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը և «The halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը շարունակում են Արցախի տարածքում իրականացնել հետախուզական և ականազերծման աշխատանքներ:

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել, ոչնչացվել կամ պահեստավորվել է 64 հատ պայթուցիչ, հակատանկային 6 ական, հրթիռակասետային 173  և ավիացիոն 2 ռումբ, թնդանոթի 66 արկ, փոքր տրամաչափի 560 զինամթերք, ձեռքի 15 հատ նռնակ և 3 նռնականետի ական: 

Ապրիլի 29-ին տեղացած առատ կարկուտը և անձրևը արտակարգ իրավիճակ և որոշակի անհարմարություն են ստեղծել Ստեփանակերտի Մ.Արզանյան 1/1 հասցեի բազմանդամ ընտանիքի համար: Անձրևաջուրն ամբողջությամբ լցվել է բնակելի տուն: Փրկարարները ձեռքի միջոցներով կատարել են ջրահեռացման աշխատանք և օգնություն ցուցաբերել ընտանիքի անդամներին:

Արձանագրվել է կենցաղային բնույթի 40 կանչ: Շաբաթվա ընթացքում խմելու ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 3 գյուղի բնակիչների: Փրկարարները կատարել են  դռան 7 և  վերելակի 9 բացում:

Նշված ժամանակահատվածում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ կատարելու համար՝ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները կատարել են 1 ելք: 

Զինադադարից հետո մինչ այժմ հայտնաբերվել և  տարհանվել է 1552 աճյուն:

  • Կիսվել: