երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Զանգել է որդուն, ասել, որ գյուղից ևս 3 հոգի իր հետ պահվում են Բաքվի բանտերում

Զանգել է որդուն, ասել, որ գյուղից ևս 3 հոգի իր հետ պահվում են Բաքվի բանտերում

Սեպտեմբերյան ռազմական գործողություններից հետո պարզ է դարձել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից բացի, Բաքվում պահվում են նաև զինվորական ու քաղաքացիական այլ անձինք ևս։ 

Ըստ  ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության, քննության ներկա փուլում առկա են 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման և 10-ը քաղաքացիական անձի առևանգման մասին տվյալներ։ «Ադրբեջանի Հանրապետությունը 16 անձանցից միայն 9 անձի մասով է հաստատել իրենց տիրապետության տակ վերջիններիս գտնվելու փաստը, մյուսների մասով կատարվում են համապատասխան գործողություններ»,- նշվել է հաղորդագրության մեջ։ 
 
Արցախի Ներքին Սզնեք գյուղի բնակիչ Գարեգին Մարտիրոսյանի հետ սեպտեմբերի 19-ից հետո կապ ընդհանրապես չի եղել։ Ընտանիքի անդամները հաղորդել էին վերջինիս անհայտ բացակայելու մասին։
 
MediaHub-ն այսօր կապ  է հաստատել նրա որդու՝ Կարենի հետ, ով տեղեկացրել է, որ հայրը հոկտեմբերի 9-ին կապ է հաստատել Ադրբեջանից ու ասել, որ գերության մեջ է։ Գարեգինն այնտեղ մենակ չէ, նույն գյուղից ևս 3 հոգի՝ Դավիթ Ալլահվերդյանը, Գուրգեն Ստեփանյանը և Մելիքսեթ Փաշայանը, ևս պահվում են Բաքվի բանտերում։
 
Թե ի՞նչ պայմաններում են գերեվարվել նրանք՝ հայտնի չէ։ 
 
2020 թվականի պատերազմից հետո Ներքին Սզնեքը ուղիղ դիտարկվում էր մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեղակայված ադրբեջանական դիրքերից։ 2023 թվականին Սզնեքն առաջին բնակավայրն էր, որտեղ մտել են ադրբեջանցիները։ Կարեն Մարտիրոսյանն ասաց, որ բնական է մտավախություններ ունեն Գարեգինի և համագյուղացիների պահման պայմաններից ու վերաբերմունքից, բայց հույսը չեն կորցնում, որ նրանք ազատ կարձակեն...

  • Կիսվել: