ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը թեմատիկ ասուլիս է հրավիրել

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը թեմատիկ ասուլիս է հրավիրել

Այսօր՝ ապրիլի 28-ին, «Արցախ» մամուլի ակումբի նախաձեռնությամբ Արցախի ՀԱԵ թեմի առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը թեմատիկ ասուլիս է հրավիրել` նվիրված Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային կոթողներին։

«Պատերազմից հետո մենք կորցեցինք մեծ տարածքներ, անվերադարձ կորցրեցինք մեր եղբայրներին ու քույրերին:
 
Մենք բազմաթիվ անգամներ այս մասին բարձրաձայնել ենք, և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հաստատվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ, որը զբաղվում է Արցախի պատմամշակութային հուշարձանների ճակատագրով:
 
Մայր Աթոռը դիմել է բազմաթիվ երկրների, համաշխարհային եկեղեցական կազմակերպությունների, քույր եկեղեցիների, ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հետապնդելով մեկ նպատակ` մեր օկուպացված տարածքներում գտվող սրբավայրերի, եկեղեցիների, վանքերի պահպանությունը: Ապրելով 21-րդ դարում՝ հեշտ է ուսումնասիրել և տեսնել, թե ինչ ձեռագիր է թողնում Ադրբեջանը գրավյալ տարածքների եկեղեցիներում՝ քրիստոնեական նշանագրերի, վավերագրերի ջնջում, ձևափոխում, մինչեւ անգամ` ոչնչացում»,-նշել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
 
Նրա խորին համոզմամբ՝ ադրբեջանական ձեռագիրը փոխվել է` ավելի վատն է դարձել։ Եթե նախկին պատերազմների ընթացքում նրանք գոնե անտարբեր էին հուշարձանների նկատմամբ, ապա այսօր նկատելի է ճիշտ հակառակը:
Բնութագրությունը հասանալի չէ
«Սուրբ Զատկի տոնից առաջ մենք մեր ժողովրդին հրավիրեցինք միասնական աղոթքի, որի ամբողջ նպատակը հայության համախմբումն էր, աղոթքի միջոցով տեր կանգնելն Արցախին: Դա նաև միջոց էր արցախցու սիրտն ու հոգին ջերմացնելու, իսկ դրա համար համահայկական միջոցառումներ են պետք: Ե'վ հոգևոր, և' ֆիզիկական ականջը պետք է մշտապես հետևի և կարողանա Արցախին տեր կանգնել, որովհետև կորցնելով Արցախը մենք գիտենք, թե ինչեր ենք կորցնելու, և դրա հետևանքները շատ դառն են լինելու: Եվ որպեսզի հայությունը հոգևոր վերազարթոնք ունենա, պետք է լինեն միասնական աղոթք, համահայկական ծրագրեր և համազգային այցելություններ դեպի Արցախ»,-ընդհանրացրել է եպիսկոպոսը:

  • Կիսվել: