հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վերին Հոռաթաղի դպրոցում աշակերտների թվի աճով պայմանավորված դասասենյակներն արդեն չեն բավականացնում

Վերին Հոռաթաղի դպրոցում աշակերտների թվի աճով պայմանավորված դասասենյակներն արդեն չեն բավականացնում

Ընթացիկ ուսումնական տարում Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի Քերոլայն Քոքսի անվան միջնակարգ դպրոցի առաջին դասարան է հաճախել 15 երեխա նախորդ տարվա 13-ի փոխարեն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Վերին Հոռաթաղի դպրոցի տնօրեն Արուս Մարտիրոսյանը՝ հավելելով, որ աշակերտների թվի աճով պայմանավորված կրթօջախի դասասենյակներն արդեն չեն բավականացնում:

«Մեր դպրոցում ուսուցիչների բոլոր հաստիքները համալրված են համապատասխան կրթությամբ մանկավարժներով: Ապահովված ենք համակարգիչներով: Բացի այդ, այստեղ ստեղծվել և գործում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Այդուհանդերձ, առանձին սենյակ չունենք համակարգչային կաբինետի համար: Դպրոցի համակարգիչները և նախադպրոցական խումբը տեղակայված են նույն դասասենյակում, որտեղ ստիպված ենք կազմակերպել «Ինֆորմատիկա» առարկայի դասերը»,-նշեց տնօրենը՝ մանրամասնելով, որ որոշ դասարաններ պարապմունքներն անցկացնում են նույնիսկ դպրոցի ձեղնահարկում:

«Դիմել ենք պատկան մարմիններին առ այն, որ դպրոցը կցակառույցի կարիք ունի: Սպասում ենք պատասխանի»,- ասել է Ա. Մարտիրոսյանը:

Անդրադառնալով կրթօջախի աշակերտների ուսումնամարզական ձեռքբերումներին, մեր զրուցակիցը հայտնել է, որ նախորդ՝ 2021-2022 ուսումնական տարում ունեցել են 7 գերազանցիկ:

Հոռաթաղցի աշակերտներն ակտիվ մասնակցություն են ունեցել առարկայական օլիմպիադայի շրջանային և հանրապետական փուլերին՝ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից: Մասնավորապես 5-րդ դասարանի աշակերտուհի Նարե Առաքելյանն մաթեմատիկայից բարձր արդյունք է գրանցել, մասնակցելով առարկայական օլմիպիադայի հանրապետական փուլին, իսկ հայոց լեզվից ակտիվ մասնակցություն են ցուցաբերել 9-րդ դասարանի աշակերտուհիները: Բացի այդ, «Անանիա Շիրակացի» ճեմարանի կողմից կազմակերպված բաց օլիմպիադայում Վերին Հոռաթաղի աշակերտները արժանացել են 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների, գովասանագրերի՝ «Հայոց լեզու» առարկայից Դպրոցը մասնակցել է նաև «Մեղու» միջազգային մրցույթին, որտեղ երրորդ դասարանի աշակերտ Արշակ Հարությունյանը զբաղեցրել է առաջին տեղը : Վերին Հոռաթաղի աշակերտները մի շարք մրցանակային տեղերով են վերադարձել հանրապետական կրթամշակութային մրցաշարերից՝ այդ թվում շախմատային:

Մեր զրուցակցի խոսքով՝ կրթօջախի շենքը ջեռուցվում է վառելափայտով աշխատող կաթսայատան միջոցով, որը շուտով կգործարկեն:

  • Կիսվել: