Վերհիշելով Շուշիի ազատագրումը՝ «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը
20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ իրականում Հայոց hայրենական պատերազմի պատմության մեջ հայ ռազմարվեստի ամենափայլուն և ամենախոշոր նվաճումն էր Շուշի բերդաքաղաքի ազատագրումը։ Պատմաշրջանի ռազմաքաղաքական իրադարձությունների հոլովույթում երևի թե ի վերուստ կանխորոշված զուգադիպություն էր, որ իրագործվելով 1992 թ. մայիսի 8-9-ին` Շուշիի ազատագրումը` որպես անգնահատելի և աներկբա արժեք, փաստորեն, ժամանակագրորեն ևս մեկ նշանակալի հաղթանակով համալրեց հայոց պատմական արժեհամակարգի համար խորհրդանշական մայիս ամիսը։ Համազգային համախմբվածությամբ ու հերոսականությամբ իրականացված այդ ռազմագործողությունը, արժե անվերապահորեն գնահատել ոչ այլ կերպ և դասակարգել ոչ այլ տեղ, քան նույն օրացուցային ամսում տեղի ունեցած՝ 451 թ. Վարդանանց Ավարայրի, շուրջ մեկուկես հազարամյակ անց՝ 1918 թ. վերակերտված Հայաստանի առաջին հանրապետության երկունքի օրերին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում, նաև հայ ժողովրդի համար մեծագույն զոհողություններով արժևորված Երկրորդ աշխարհամարտում 1945 թ. նվաճված պատմական հաղթանակների շարքում։
Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ Շուշիի ազատագրումը` որպես ռազմավարական նշանակության խնդիր, անշրջելի հրամայական էր հայրենի բնօրրանում հարատևելու համար ազգային-ազատագրական շարժման ու պայքարի ելած արցախահայության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։ Արցախի ինքնապաշտպանության ուժերը նախքան այդ մի շարք հաղթանակներ էին արձանագրել ադրբեջանական գերակշիռ ու սպառազեն զորքերի դեմ՝ Քարին տակում, Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ղայբալույում, Ջանհասանում, Քոսալարում, Մալիբեյլվում, Խոջալուում և այլ բնակավայրերում։
Հայտնի է, որ Շուշիի ազատագրման ռազմագործողության մշակմանն Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը ձեռնամուխ էր եղել դեռևս Խոջալուի ազատագրումից անմիջապես հետո՝ մարտ-ապրիլ ամիսներին՝ հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո:
Գործողությունն ստացավ «Հարսանիք լեռներում» անվանումը, որի մտահղացումը, ասում են, պատկանում էր այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։ Պատմում են, որ երբ գործողությունը ղեկավարող հրամանատարները ներկայացրին քաղաքի ազատագրման մարտական նախագիծը, այն չափազանց համարձակ թվաց։ Հենց այն ժամանակ էլ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե նախագիծը հաջողվի իրականացնել, ապա քաղաքի ազատագրումից հետո ինքն անպայման կամուսնանա։
Արցախյան կողմը, իրոք, ոչ միայն կենդանի ուժի, այլև զենքի ու զինամթերքի զգալի պակաս էր զգում նման ռիսկային քայլի դիմելու համար։ Վերստին անդրադառնանք Կոմանդոսի վկայությանը. «Փաստորեն, 200 հոգի պահեստայիններ սպասում էին իրենց մահացած ընկերների զենքին, որ մարտի դաշտ գնան»։ Նրա արտահայտությամբ. «Շուշիի գրավումն արցախցիների կենաց-մահու խնդիրն էր: Այսինքն` իմ ենթակաները, իմ հրամանատարները «ստիպեցին» նման որոշում կայացնել: Ես ենթարկվում էի Սերժ Սարգսյանի Պաշտպանության կոմիտեին: Ես նրան հարցրի` գրավո՞ւմ ենք, նա ասաց` գրավում ենք»:
Մայիսի 7-ի ուշ երեկոյան մեկնարկեց «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը։ Նախքան այդ հակառակորդին շփոթեցնելու և հարվածի հիմնական ուղղությունից նրա ուշադրությունը շեղելու նպատակով մանևրեր էին ձեռնարկվում, հաշվարկներ արվում բոլոր ուղղություններով ու հարձակումներ կատարվում։ Բացի այդ, ինչպես իր հարցազրույցներից մեկում պատմել է Արկադի Տեր-Թադևոսյանը, շրջափակման մեջ առնելով Շուշին, կարևորվում էր քաղաքում մնացածների շրջանում խուճապ առաջացնելու խնդիրը, որպեսզի ադրբեջանցիները հեռանան առանց մարտեր մղելու: Այդ նպատակով նախապես ոչնչացվել էին Շուշիի և Ստեփանակերտի շրջակայքի ադրբեջանական հենակետերը, և բերդաքաղաքը հայտնվել էր լիակատար շրջափակման մեջ. «Մինչև Շուշին եղել են Կրկժանը, Մալիբեյլուն, Խոջալուն: Այսինքն` կար հաջորդականություն, թե որ բնակավայրն ենք ազատագրում»:
Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմը, ըստ տարբեր աղբյուրների, ունեցել է 57-58 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: Փաստորեն, ինչպես վկայում են գրոհի մասնակիցները, ադրբեջանցիները քաղաքից հեռացել էին մայիսի 8-ի կեսօրից հետո, իսկ մայիսի 9-ի առավոտյան այնտեղ որևէ ադրբեջանցի չկար: Քաղաքում չի եղել դիմադրություն, չեն եղել մարտեր: Հայկական ուժերը Շուշիում ադրբեջանցի զինվոր չեն տեսել: Շուշիում գերի են ընկել միայն նրանք, ովքեր թաքնվել էին նկուղներում:
Փառք ու պատիվ հայոց ազատարար զորականներին, հավերժ հիշատակ կենաց ու մահու կռիվներում հանուն հող հայրենիի ազատության կյանքը նվիրաբերած հերոս նահատակներին։