Վերանորոգվել է Այգեստանի պատերազմի ընթացքում վնասված մանկապարտեզը
Վերանորոգվել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մանկապարտեզը:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց մանկապարտեզի տնօրեն Անահիտ Բարսեղյանը:
«44-օրյա պատերազմի հետևանքով մանկապարտեզի շենքը բազմաթիվ վնասներ էր կրել, որի պատճառով ուսումնական գործընթացը դադարեցվել էր: Պատերազմից հետո ԱՀ Քաղաքաշինության նախարարության աջակցությամբ շենքը վերանորոգվել է և օգոստոսի 25-ից կվերսկսենք ուսումնական գործընթացը»,-նշել է Ա. Բարսեղյանը: Մինչ պատերազմը մանկապարտեզն ուներ 55 սան: Տնօրենի խոսքով, այդ թիվն աճի միտում ունի:
«Մանկապարտեզի ավագ խումբ հաճախում են նախադպրոցական տարիքի երեխաները, իսկ միջինում ընդգրկված են կրտսեր տարիքի երեխաները: Այս տարի առաջին դասարան կհաճախի 15 երեխա»,- ընդգծել է մեր զրուցակիցը: Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ վերջերս, ծննդով արցախցի դերասանուհի Թամարա Պետրոսյանն իր՝ Ստեփանակերտում կայացած ներկայացման արդյունքում գոյացած գումարը տրամադրել է մանկապարտեզին՝ անհրաժեշտ պարագաներ ձեռքբերելու և գույքը լրացնելու համար:
«Թամարա Պետրոսյանի տրամադրած գումարով մանակապարտեզի համար գնել ենք սպասք, մսաղաց, թեյնիկներ և խոհանոցային այլ պարագաններ, ինչի համար շատ շնորհակալ ենք նրան: Այս պահի դրությամբ մանկապարտեզը սեղանների և աթոռների, վարագույրի, խաղալիքների կարիք ունի: Հույս ունենք, որ դրանց պակասը որևէ աջակցության շնորհիվ նույնպես կկարողանանք լրացնել»,- ասաց մանկապարտեզի տնօրենը:






