ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վերադարձ անցյալին ոչ մի դեպքում չի լինելու, որքան էլ Ադրբեջանը պնդի կամ բողոքի միջազգային տարբեր կառույցներում. Տիգրան Աբրահամյան

Վերադարձ անցյալին ոչ մի դեպքում չի լինելու, որքան էլ Ադրբեջանը պնդի կամ բողոքի միջազգային տարբեր կառույցներում. Տիգրան Աբրահամյան

PrimeNews.am-ի հարցազրույցը Արցախի նախագհի խորհրդական, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ բանակցությունների շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ
 
Պ-ն Աբրահամյան, Բրատիսլավայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն ավարտվեց, ի՞նչ տպավորություններ ունեք:
 
- Իմ տպավորությամբ, սա հանդիպում էր հաջորդ հանդիպման մասին պայմանավորվելու համար, որի նպատակն է ցույց տալ, որ ամեն դեպքում բանակցություններ ընթանում են: Մյուս կողմից նկատելի է, որ միջնորդները գերագնահատում են լրագրողների փոխայցերի նշանակությունը և փորձում են երկխոսությունը դրա վրա կառուցել, նպատակը՝ հանդիպումների շարունակականություն ապահովելն է:
 
Մինչև հանդիպումը Բաքվի կողմից շրջանառության մեջ էր դրվել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսլականը, որը ավելի շատ նման էր ուլտիմատումի: Ի՞նչ եք կարծում, ինչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը նման նման փաստաթուղթ հրապարակելով հանդիպումից առաջ:
 
- Ինչ վերաբերվում է շրջանառված փաստաթղթին, ապա դա Ադրբեջանի ամփոփ դիրքորոշումն էր հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը չի բխում ներկայումս ընթացող գործընթացի սկզբունքներից: Միշտ չէ, որ իրադարձությունների հրապարակային փուլում խոսվում է այն ամենի մասին, ինչ խոսվել կամ քննարկվել է փակ դռների հետևում: Կողմերը 3 ժամ փակ հանդիպում են անցկացնում, իսկ դրանց հետևող մամլո հաղորդագրությունները հիմնականում քիչ բան են ասում դրանում քննարկված օրակարգի շուրջ: Մի կողմից, դա բխում է այդ գործընթացին հատուկ կոնֆիդենցիալ կոմպոնենտից, մյուս կողմից՝ Ադրբեջանի տեղեկատվական ակտիվությունը շատ դեպքերում մեր դաշտում հակասական լուրերի շրջանառության հիմք է տալիս, որը պետք է ժամանակին «ծածկել»: Ծածկել ասելով նկատի չունեմ ծածկադմփոց անելը, այլ ժամանակին տեղեկատվությամբ ապահովել:
 
Փաստաթղթում ադրբեջանական կողմը գրեթե ուլտիմատիվ կերպով պահանջել էր՝ «հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից, բռնի տեղահանվածները վերադառնան, իսկ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում»: Հայկական կողմը կարծես մեղմ արձագանքեց այդ փաստաթղթին: Ի՞նչ կարծիքի եք:
 
- Ադրբեջանի նմանօրինակ հայտարարություններին բազմիցս առիթ եղել է արձագանքելու: Ադրբեջանի մոտեցումները անթույլատրելի ծայրահեղ բնույթ են կրում, որոնք ավելի շատ իրավիճակը հրում են փակուղի: Այլ բան է, որ Ադրբեջանն առիթ է փնտրում դուրս գալու բանակցություններից, բայց ամեն ինչ անում է, որպեսզի այդ քայլին գնան հայկական կողմերը: Վերադարձ անցյալին ոչ մի դեպքում չի լինելու, որքան էլ Ադրբեջանը պնդի կամ բողոքի միջազգային տարբեր կառույցներում: Արցախում ապրող մարդիկ իրենց ասելիքն ու անելիքն արել են, հիմա այդ նույն մարդիկ գնում են Արցախի միջազգային ճանաչման ու երկրի շենացման ճանապարհով:
 
Որոշ շրջանակներ պնդում են, որ հայկական կողմը պետք է բոյկոտեր այս բանակցությունները այդ փաստաթղթի հրապարակումից հետո: Դուք ի՞նչ կասեք, արդյոք պետք էր ավելի կոշտ լինել:
 
- Բանակցությունների մանրամասներին չեն տիրապետում, կարգավիճակս էլ թույլ չի տալիս զուտ փորձագիտական գնահատականներ հնչեցնելու համար: Կոշտացման հետ կապված էլ պետք է նշեմ, որ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումը ինքնաբերաբար բերում է մեր դիրքորոշումների կոշտացմանը:
 
Դուք պարբերաբար լինում եք առաջնագծում, ի՞նչ կասեք, ինչպիսի՞ իրավիճակ է այնտեղ: Կա՞ լարվածություն:
 
- Իրավիճակն ընդհանուր առմամբ համեմատաբար հանգիստ է: Լինում են շաբաթներ, երբ հրադադարի ռեժիմի խախտումները նվազում կամ ավելանում են, սակայն ընդհանուր առմամբ, վերահսկելի վիճակ է:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: