երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախի նախագահը զորակցություն է հայտնել Սիրիայում ավերիչ երկրաշարժից տուժածներին․ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ

Արցախի նախագահը զորակցություն է հայտնել Սիրիայում ավերիչ երկրաշարժից տուժածներին․ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա-ի հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հարությունյանը Կաթողիկոսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը գրեթե երկու ամիս փակ պահելու հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական ճգնաժամը, նշել այն քայլերը, որոնք իրականացվում են Արցախի իշխանությունների կողմից իրավիճակի հաղթահարման ուղղությամբ։

Նախագահ Հարությունյանը նաև մեծ ցավով ու ափսոսանքով է անդրադարձել Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին, Վեհափառից հետաքրքրվել տեղի հայկական համայնքի որպիսությամբ, արցախահայության զորակցությունը փոխանցելով բնական աղետից տուժած հայ ընտանիքներին:

Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել, որ ամենօրյա աղոթքներից զատ կաթողիկոսարանը շարունակում է ջանքեր գործադրել արցախահայությանը սատար կանգնելու համար:«Արամ Առաջինը վստահություն է հայտնել, որ միայն անկոտրում կամքով և կուռ միասնությամբ կհաջողվի հաղթահարել ծառացած մարտահրավերները և կանխել հումանիտար աղետը», - ասված է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: