երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության որոշումը ոչ մի կապ չունի Բաքվի ուլտիմատումների հետ՝ մինչ նրա նշանակումը Բաքուն հայտարարել էր այդ որոշման իր համար անընդունելիության մասին, սակայն դա չազդեց ԱՀ իշխանությունների որոշման վրա․ մանրամասներ

Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության որոշումը ոչ մի կապ չունի Բաքվի ուլտիմատումների հետ՝ մինչ նրա նշանակումը Բաքուն հայտարարել էր այդ որոշման իր համար անընդունելիության մասին, սակայն դա չազդեց ԱՀ իշխանությունների որոշման վրա․ մանրամասներ

Որոշակի պարզություն է նշմարվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության որոշման պատճառների շուրջ։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան աղբյուրները, Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության որոշումը որևէ կապ չունի Ադրբեջանի նրա անձի նկատմամբ առաջ քաշած ուլտիմատումների հետ, քանզի դեռ նրա պետնախարար նշանակման մասին լուրերի շրջանառումից ի վեր Բաքուն խոսել է նրա անձի անընդունելիության մասին, սակայն դա որևէ կերպ չի անդրադարձել Արցախի իշխանությունների նրան պետնախարար նշանակելու որոշման վրա։ Ավելին, Վարդանյանը իր նշանակման առաջին իսկ օրերից է դրսևորել պետական կառավարման ոլորտում տարակուսելի վարքագիծ, սակայն ԱՀ իշխանությունները ամեն ինչ արել են իրավիճակը հարթելու համար նաև այն պատճառով, որ տպավորություն չստեղծվեր, թե Բաքվի հոխորտանքներին է տուրք տրվում։ Ըստ աղբյուրի՝ իրավիճակը կշարունակվեր մնալ այդպիսին, եթե Վարդանյանի կառավարման մեթոդները տարակուսանք չսկսեին առաջացնել ոչ միայն իր իսկ ղեկավարած կառավարության, հանրային-քաղաքական շրջանակների մոտ, այլև Անվտանգության խորհրդի անդամների շրջանում։

«Նրա ամեն նոր անկանխատեսելի լայվից հետո Արցախում և Արցախի շուրջ մի նոր խնդիր էր առաջանում, նա գրեթե ոչ մեկի հետ չէր քննարկում իր ասելիքը ու անելիքը, խորհուրդներ չէր լսում, բայց քայլերն էլ նորանոր խնդիրներ էին ստեղծում երկրի համար։ Բանը հասավ նրան, որ լայվերից մեկից հետո առանց անուն նշելու շատ կոշտ գրառում կատարեց Արցախի գլխավոր դատախազը, որը միշտ աչքի է ընկել իր զսպվածությամբ ու ապաքաղաքական կեցվածքով։ Հաջորդ ահազանգը հնչեցվեց Անվտանգության խորհրդի անդամների կողմից։ Նրանք այդ հարցի շուրջ խոսակցություն ունեցան նախ հենց Վարդանյանի հետ, ապա հասկանալով դրա ապարդյունությունը, նախագահ Հարությունյանի հետ։ Բայց դա էլ արդյունքներ չտվեց, նա իր գործելաոճում մնաց անդրդվելի»,- անկեղծացավ մեր աղբյուրը։

Ըստ նրա, հենց դրանից հետո Անվտանգության խորհրդի անդամները դիմել են նախագահ Հարությունյանին՝ առաջարկելով պաշտոնանկ անել Վարդանյանին։ Սակայն պարզվել է, որ վերջինս բնավ տրամադրված չէ ենթարկվելու վերադասի որոշումներին և պատրաստվում է հակազդել դրան։

«Այդ ժամանակ հենց պարզվեց, որ Վարդանյանը այս ընթացքում սերտ համագործակցել է հայաստանյան-արցախյան որոշ քաղաքական (հիմնականում նախկին), գործարար շրջանակների հետ, իր շուրջ կոնսոլիդացիա ստեղծելու և Արցախում ներկայիս իշխանությանը հակազդելու նպատակով»,- փակագծերը բացեց մեր զրուցակիցը։

Սակայն ըստ նրա, քաղաքական այդ ինտրիգները չէին հիմնական հիասթափության պատճառը այլ այն, որ Վարդանյանը Արցախ էր եկել և ընկալվել էր, որպես փորձառու կառավարիչ և իր ելույթներում ու լայվերում էլ իրեն դիրքավորում էր հենց այդպես։ «Բայց ինչ ցույց տվեց փորձը, պարզվեց, որ նա տապալեց գործադիրի աշխատանքը, այս ողջ ժամանակը գնաց միայն անիմաստ պաշտոնափոխությունների վրա, որի արդյունքը մենք այդպես էլ չտեսանք, եղած խնդիրները ոչ միայն չլուծվեցին այլ խորացան։ Չնայած նրան, որ նա իր ելույթներում առիթ չէր բաց թողնում քննադատելու նախկին եղելությունը, բայց իր գալուստով էլ ոչինչ չփոխվեց։

Ընդհակառակը՝ նորանոր խնդիրներ առաջ եկան, որոնք նույնպես չլուծվեցին, միայն արցախցու տոկունության ու արիության մասին բաժակաճառեր, բայց հեշտ է խոսալ նյարդային ու ֆիզիկական հյուծվածության հասցված մարդկանց տոկունության մասին, փոխարենը ոչինչ չառաջարկելով՝ ոչ մի ծրագիր, ոչ մի ելք, որ մի հույս, տապալելով հակաճգնաժամային կառավարման բոլոր հնարավոր ոլորտները։ Անվերջ դիմանալու ու դիմագրավելու անիմաստ բաժակաճառեռ, իսկ եթե իր երեխան այսօր սովի ու ցրտի մատնված լիներ, արդյոք էլի համբերության կոչեր կհնչեին։ Ի վերջո էդ մասշտաբի պաշտոնյան սրա հետևանքներն էլ պետք է պատկերացնի չէ, ծայրահեղ հուսահատության հասցված ժողովուրդը ճանապարհը բացվելուն պես բռնելու է արտագաղթի ճանապարհը ու ստացվելու է, որ դատարկ հայրենասիրական բաժակաճառերով ու դրա ֆոնին ծայրահեղ անգործությամբ մենք ինքներս ենք իրագործելու Բաքվի պլանները՝ սա է հայրենասիրությունը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

  • Կիսվել: