Վանքում «Երկարօրյա դպրոց»-ի շնորհիվ բարձրացել է աշակերտների դասապատրաստման արդյունավետությունը, ինչպես նաև աշխատատեղեր են ստեղծվել
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք համայնքի Գուրգեն Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում «Երկարօրյա դպրոց» ծրագրի ներդրումը աշակերտների դասապատրաստման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու հնարավորություն է ընձեռել , ինչպես նաև նոր աշխատատեղեր են ստեղծվել:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արամայիս Բալայանը նշել է, որ «Երկարօրյա դպրոց»-ի գործունեությունն այս ընթացքում գոհացուցիչ արդյունքներ է տվել:
«Մեր կրթօջախում «Երկարօրյա դպրոց»-ի ծրագիրը, որին մասնակցում է 1-9-րդ դասարանների 188 աշակերտ, գործում է արդեն երկու տարի։ Ունենք 6 խումբ։ Աշխատում է 11 ուսուցիչ, ընդ որում՝ նրանցից մեկին այս ուսումնականից ենք աշխատանքի ընդունել։ Ըստ ծրագրի ժամանակացույցի, բացի պարապմունքներից, աշակերտներն այստեղ նաև սնվում են: Այդ գործընթացի կազմակերպման նպատակով էլ 4 խոհարար են աշխատանքի ընդունվել»,-ասել է Ա. Բալայանը՝ տեղեկացնելով, որ դպրոցում առկա են հնարավոր բոլոր պայմանները ծրագրի իրագործումը հավուր պատշաճի կազմակերպելու համար։
Անդրադառնալով կրթօջախի խնդիրներին՝ տնօրենը մասնավորապես նշեց, որ թափուր է «Անգլոգերմաներեն» առարկայի ուսուցչի հաստիքը։
«Ընդհանուր առմամբ , դպրոցի ուսուցիչների մասնագիտական կարողությունները գոհացուցիչ են: Նրանք, ըստ սահմանված ընթացակարգի, մասնակցում են վերապատրաստումների»,-նշել է տնօրենը՝ հավելելով, որ այդ շրջանակներում արդեն իսկ վերապատրաստվել է կրթօջախի 7 մանկավարժ: