շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաղը կկայանա Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ՝ «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» խորագրով

Վաղը կկայանա Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ՝ «Մեկ ամիս շրջափակման մեջ. հումանիտար ճգնաժամ» խորագրով

Հունվարի 12-ին, ժամը 13:00-ին (Երեւանի ժամանակով) տեղի կունենա «Արցախ․ Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
 
՛՛Մասնակիցներ․
 
Տեսակամրջին մասնակցելու են Արցախի Հանրապետության ներկայացուցիչները՝ Ստեփանակերտում եւ Երեւանում: Որպես բանախոսներ հանդես են գալու Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի Հանրապետության կառավարության եւ խորհրդարանի անդամներ, շրջափակումից տուժած քաղաքացիներ:
 
Հեռարձակում․
 
Տեղեկացնենք, որ տեսակամուրջը հեռարձակելու է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը, որը կարելի է դիտել նաև Հայաստանում Յուքոմի ցանցում 221-րդ, Ռոստելեկոմում 900-րդ եւ Թիմ տելեկոմի ցանցում 23-րդ ալիքներով, ինչպես նաեւ վերահեռարձակելու են «Հ2», «Երկիր մեդիա» եւ «Կենտրոն» հեռուստաալիքները։
Հնարավոր վերահեռարձակում կապահովվի նաեւ «Արմենիա», «TV5» եւ «US Armenia» հեռուստաընկերությունների կողմից։
Հեռարձակումը հասանելի կլինի նաեւ համացանցում 3 լեզուներով։
 
Ֆեյսբուքում:
 
Յութուբում:
 
 
Մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10:30-ին Ադրբեջանի իշխանությունների գործակալների կողմից արգելափակվել է Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

 

Դադարեցվել են դեպի Արցախ մատակարարումները, կանգնել է տնտեսությունը, դատարկվել են խանութները, բնակչությունը, այդ թվում 30 հազար երեխաներ, թերսնման վտանգի առջև են:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների միջոցով հնարավոր է լինում փոքր ծավալի դեղորայք և հումանիտար բեռներ բերել, բայց դա բավարար չէ խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու համար:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով միայն ծանր հիվանդներին է հնարավոր լինում տեղափոխել Երևան, իսկ մյուսները զրկված են պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից:

Այսպիսով, խախտված են մարդկանց ազատ տեղաշարժի, առողջապահության, կրթության, պատշաճ սննդի և այլ կենսական իրավունքները:

Արցախի շրջափակման հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որն Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց է կիրառել, բայց Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը՝ 120 հազար մարդու պահելով պատանդի կարգավիճակում:

Լաչինի միջանցի փակումը դատապարտել և այն անհապաղ բացելու կոչ են արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, Հռոմի Պապը, Եվրախորհրդարանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, USAID-ն, բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում Human Rights Watch-ը, Freedom House-ը, UNICEF-ը, Genocide Watch-ը և այլն:

Չնայած դրան, ճանապարհը շարունակում է փակ մնալ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: