երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Վաղուց ժամանակն է, որ աշխարհը վերագնահատի իր մոտեցումները ահաբեկչական պետությունների հանդեպ

Վաղուց ժամանակն է, որ աշխարհը վերագնահատի իր մոտեցումները ահաբեկչական պետությունների հանդեպ

44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ InfoPort.am-ը զրուցել է Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ։

Պարոն Գրիգորյան, 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմը դարձավ այն բեկումնային գիծը, որը փոխեց Լեռնային Ղարաբաղի հայության ճակատագիրը։ Ինչպես կգնահատեք Ադրբեջանի քաղաքականությունը պատմական կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ 

2020 թ․ սեպտեմբերի 27-ին սկսած 44-օրյա պատերազմը սկիզբ դրեց արցախահայության նորագույն պատմության դժվարին փուլին, որը մի քանի բառով կարելի է բնութագրել՝ որպես ցեղասպանության դեմ պայքարի փուլ։ Սակայն վերջին տարիների իրադարձությունները պատմական անցյալի պրիզմայով դիտարկելիս պարզ է դառնում, որ այս գործելաոճը խիստ բնութագարական է ադրբեջանցիներին։ Արցախը և վերջինիս հայաթափումը դեռ նախորդ դարից եղել է ադրբեջանական իշխանությունների գերնպատակը։ Այս են վկայում Արցախը 1918-1920 թթ․ ենթարկեցնելու Ադրբեջանի անդադար ջանքերը, որոնք մշտապես ուղեկցվել են հայության հոծ զանգվածների ջարդերով, կոտորածներով, թալանով։ Ասվածի վառ վկայությունն է 1920 թ․ Շուշիի հայության կոտորածը։ Այս պատմական իրադարձությունները սերտորեն կապված են ներկայիս քաղաքական իրավիճակի հետ, քանի որ 2020 թ․ վերջի դրությամբ Շուշիի, ինչպես նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերի հայությունը կրկին ենթարկվեց բռնի տեղահանման և ռազմական թիրախավորման։ Պատմական երկարաժամկետ և կարճաժամկետ հեռանկարում խնդրի ուսումնասիրությունը հանգեցնում է մեկ գաղափարի այն մասին, որ այդ պետությունը տառապում է հայատյացության ամենաբարձր ախտանիշով, որն անպատժելիության պայմաններում հանգեցնում է մարդկության դեմ հանցագործությունների անընդհատ կրկնությանը։ 

Այսինքն կարող ենք վստահաբար պնդել, որ 44-օրյա պատերազմի սանձազերծման գլխավոր նպատակը ոչ թե կամ ոչ միայն այսպես կոչված «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն էր», այլ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը։ 

Այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այլ կերպ անհնար է բացատրել այն համակարգային քարոզչությունը որ տարվել է Ադրբեջանում անցած տասնամյակների ընթացքում և այսօր էլ շարունակվում է։ Ադրբեջանը պայքարում է ոչ թե կամ ոչ միայն հողի և տարածքի համար, որը պատմական օրինակարգության տեսանկյունից իրեն չի պատկանում, այլ պայքարում է այդ տարածքների «ադրբեջանակացման» համար, ինչն անհնար է արցախահայության բնակության պարագայում։ Վերջիվերջո չմոռանանք ոչ վաղ անցյալի, ԽՍՀՄ դարաշրջանի իրողությունները, երբ Լեռնային Ղարաբաղը դրված էր ադրբեջանական իրավազորության ներքո, սակայն նպատակային քաղաքականություն էր վարվում հայ բնակչությանը խտրականության, ճնշումների, զրկանքների միջոցով տարածաշրջանից դուրս մղելու ուղղությամբ: Մեր սերունդը երիտասարդ է, տեսել է միայն անկախության բարիքները, սակայն մեր ծնողները կփաստեն, թե ինչ էր նշանակում ապրել ադրբեջանական տիրապետության տակ, երբ անգամ հայկական անունների ընտրությունը նորածին երեխաների համար հանգեցնում էր կոնֆլիկտների տեղական ադմինիստրատիվ իշխանությունների հետ:

44-օրյա պատերազմից 4 տարի անց, անցնելով 10-ամսյա շրջափակման և էթնիկ զտումների, տեղահանությունների միջով, ինչ ակնկալիքներ ունի Լեռնային Ղարաբաղի հայությունը։

«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը» արցախահայության ներկայացուցիչների հանդիպումների ժամանակ արձանագրում է մեր հայրենակիցների ձգտումները, ցանկությունները և ակնկալիքները։ Ողջ արցախահայությունը միահամուռ է վերադառնալու իրենց բնակավայրեր անվտանգության և ապահովության միջազգային ամուր և երաշխավորված ներկայացվածության պայմաններում։ Ադրբեջանական հայատյացությունը, դրա բազմակի դրսևորումները ստիպում են արցախահայության սեփական հայրենիքում ապահով և ազատ ապրելու հնարավորությունները փնտրել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, դատական բարձր ատյանների արդարացի որոշումների մեջ։ 

Ձեր միության ստեղծման պահից մինչ օրս ինչպիսի փոփոխություններ են ապրել դրված նպատակները՝ ի պատասխան արտաքին իրավիճակի զարգացմանը:

Եթե խոսենք մեր գերնպատակից՝ այն մեկն է և անփոփոխ՝ վերադարձ մեր նախնյաց հայրենիք: Փոփոխության են ենթարկվում մեր պատկերացումները դրանց հասնելու վերաբերյալ: Օրեցօր մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ պետք է միջազգային կուռ աջակցություն ձևավորենք վերադարձի մեր իրավունքի շուրջ: Մեր աշխատանքերը պետք է կենտրոնացնենք օտարերկրյա կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների, ազդեցիկ անհատների հետ փոխգործակցության շուրջ: Ներկայիս աշխարհում իրողությունները և գործիքակազմերը շատ արագ են փոփոխվում: Միջազգային իրավահամակարգը գնալով պետք է բյուրեղանա: Ընդունված է մտածել, թե Ադրբեջանն իր արարքների համար անպատժելիություն է վայելում, քանի որ միջազգային որոշ դերակատարների մոտ կախում է ստեղծել, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ այդ մոտեցումը դադարում է գործել և միջազգային արդարադատությունն իր ամբողջ ծանրությամբ իջնում է հանցածին պետության գլխին: Վաղուց ժամանակն է, որ աշխարհը վերագնահատի իր մոտեցումները ահաբեկչական պետությունների հանդեպ և պատժի գործուն մեխանիզմներ կիրառի:

Ինչ ուղերձ կցանկանայիք հղել միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղի պատերազմի տարելիքի կապակցությամբ:

44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված հայ բնակչությունը ապրել է հսկայական տառապանքներ՝ կորցնելով իրենց տները, ապրուստի միջոցները և, շատ դեպքերում, ընտանիքի անդամներին: Դրանք պարզապես վիճակագրություն չեն, այլ իրական մարդիկ, որոնց տարրական իրավունքները ոտնահարված են։ Միջազգային հանրությունը չպետք է աչք փակի մեր պայքարի վրա։ Մենք կոչ ենք անում միջազգային սոլիդարության և գիտակցման, որ այս մարդիկ արժանի են ապահովության, արժանապատվության և իրենց պապենական հողերը վերադառնալու իրավունքին։ Նրանց ձայնը պետք է լսելի լինի, և պայքարը հանգուցալուծվի կայուն քաղաքական, մարդասիրական և դիվանագիտական ​​ջանքերի միջոցով:

  • Կիսվել: