Ուտելիք ենք ման գալիս, տեսնենք՝ որտեղից ենք ինչ գտնում, որ գոյատևենք. Արցախում խանութները դատարկվում են (տեսանյութ)
Բլոկադայի 25-րդ օրն Արցախում մթերային խանութները գրեթե դատարկ են:
Խանութներից մեկի աշխատակիցն ասում է. «Ներկա պահին ոչ մի սնունդ չկա: Խանութը գրեթե դատարկ վիճակում է: Վիտրինաները դատարկ են: Խանութում կարող ենք ջրեղեն, հաց ու խմիչք գտնել: Տնտեսականը քիչ-միչ, այն էլ սպառվում է: Բանջարեղեն ընդհանրապես չկա շուտվանից»:
Օրեր առաջ սկսել են պետական պահուստներից սահմանափակ քանակությամբ որոշ ապրանքներ ստանալ, որը սակայն չի բավարարում: Օպերատիվ շտաբից որոշ ապրանքներ ստանում են խանութները:
Գնորդներից մեկն էլ նշում է. «Ուտելիք ենք ման գալիս, տեսնենք՝ որտեղից ենք ինչ գտնում, որ գոյատևենք: Համարյա ոչինչ չկա: Կարտոշկա չկա, բանջարաղեն ընդհանրապես գոյություն չունի»:
Տոներից հետո փակ խանութներն ավելացել են: Որոշները հասցրել էին փակվել դեռ 2022-ի վերջին:
Մարդկանց մի մասն էլ դժգոհում է տեղական ապրանքատեսակների՝ մանավանդ կանաչեղենի, անհիմն թանկացումներից: Շատերը տեսախցիկի առաջ չեն ցանկանում խոսել իրենց մտահոգությունների մասին: Իսկ դրանք շատ են: Նույնիսկ դեղատուն մտնողներն են հաճախ դատարկաձեռն հեռանում:
Հիշեցնենք, որ 25 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է ֆեյք «բնապահպանների» անվան տակ փակ պահել Արցախն աշխարհին կապող «կյանքի ճանապարհը»՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը:
Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի եթերում.