երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են արցախյան խնդրին

Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են արցախյան խնդրին

Մարտի 3-ին Թուրքիայում կայացել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը: Հանդիպման ավարտին նրանք հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ վրացի գործընկերոջ հետ մտքեր են փոխանակել արցախյան հրադադարից հետո տարածաշրջանի կայունության համար ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

«Առաջիկա ժամանակահատվածի համար «3 գումարած 3» ձևաչափով առաջարկ է եկել Ադրբեջանից, մենք դրան աջակցում ենք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Վրաստանը որոշ ռեզերվներ ունի, բայց ամեն դեպքում Թուրքիան շարունակելու է մեծացնել աջակցությունը  տարածաշրջանային մեխանիզմներին և համագործակցությանը, որի մեջ է նաև Վրաստանը»,-ասել է նա:

Չավուշօղլուի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության, բարօրության և կայունության հաստատման, ինչպես նաև մի շարք ոլորտներում, ինչպիսիք են լոգիստիկան, առևտուրն ու էներգետիկան, վստահությունը բարձրացնելու միտված քայլեր ձեռնակելու նպատակ կա:

Վրաստանի ԱԳ նախարարը խոսել է նաև հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների կարգավորման մեկնարկի և բիզնես կապերի զարգացման նախաձեռնության մասին։

«Մենք մեր հարևաններին առաջարկում ենք Թբիլիսին որպես երկխոսության հարթակ։ Մասնավորապես, առաջարկում ենք սկսել հարաբերությունների կարգավորում, տնտեսության, բիզնեսի և մշակույթի զարգացման վերաբերյալ կողմնորոշման գործընթաց», – ասել է արտգործնախարարը՝ համոզմունք հայտնելով, որ երեք երկրները պետք է իրենք հոգ տանեն տարածաշրջանի մասին։

Ինչպես արդեն հայտնել ենք, Զալկալիանին նշել էր, որ Վրաստան-Թուրքիա հարաբերություններում կարևոր ժամանակաշրջան է։

  • Կիսվել: