ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Թուֆենկյան» հիմնադրամը շարունակում է Արցախում իրականացնել բարեգործական ծրագրեր

«Թուֆենկյան» հիմնադրամը շարունակում է Արցախում իրականացնել բարեգործական ծրագրեր

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամն արցախյան քառասունչորսօրյա պատերազմից հետո շարունակում է Արցախում իրականացնել մի շարք ծրագրեր:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հանրային կապերի տնօրեն Ռուբեն Ջանբազյանը:

Նրա խոսքով՝ ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր, Խերխան, Ծովատեղ համայնքներում իրականացվում են պատերազմի ընթացքում ավերված բնակարանների վերանորոգման աշխատանքներ։ Պատերազմից հետո հիմնադրամը հասցրել է Արցախում երկու զոհված զինծառայողների ընտանիքների համար բնակարաններ վերանորոգել և շահագործման հանձնել:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ներկա պահին վերանորոգում ենք Մաճկալաշեն և Հերհեր գյուղերի ևս երկու տներ, որոնք պատերազմի հետևանքով վառվել են: ԱՀ կառավարության հետ համատեղ Մարտունու շրջանում իրականացնում ենք վիրավոր զինծառայողների բնակարանների վերանորոգման մեկ այլ ծրագիր: Հիմնադրամը շարունակելու է աջակցել Արցախին և տեր կանգնել արցախցիների խնդիրների լուծման ընթացքին: Նախատեսում ենք նաև վերանորոգել և կահավորել Արցախի բուժկետները: Ուսումնասիրություններ ենք իրականացնում նաև դպրոցների շրջանում, քանի որ այն կարևոր ծրագիր է մեզ համար.արցախցի երեխաները պետք է լիարժեք ուսում ստանան: Կիրականացնենք զարգացման այլ ծրագրեր ևս»,- մասնավորապես տեղեկացրել է Ռ. Ջանբազյանը:

Այն հարցին, թե արդյո՞ք բարերարների պակաս կա իրենց նախանշած ծրագրերն իրականացնելու համար, մեր զրուցակիցը նշել է, որ բոլորն էլ պատրաստակամ են օգնելու արցախցիներին և դուրս բերելու այս դժվարին կացությունից:

Հիմնադրամի նվիրատուները պարբերաբար տեսնում են Արցախում կատարված աշխատանքները և համոզված են, որ այդ աջակցություններն ունեն իրենց հասցեատերերը:

  • Կիսվել: