հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Թուֆենկյան» հիմնադրամը Հերհեր համայնքում բնակարան է հանձնել զոհված զինծառայողի ընտանիքին

«Թուֆենկյան» հիմնադրամը Հերհեր համայնքում բնակարան է հանձնել զոհված զինծառայողի ընտանիքին

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր՝ ապրիլի 15-ին, ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր համայնքում, «զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու» ծրագրի շրջանակներում արցախյան երրորդ պատերազմի ժամանակ զոհված 25-ամյա զինծառայող Գրիգորի Գաբրիելյանի ընտանիքին վերանորոգված բնակարան է տրամադրվել:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ասել է, որ, ծանոթ լինելով Գ. Գաբրիելյանի ընտանիքի բնակարանային պայմաններին, իրենց կառույցի արձագանքը չի ուշացել։

Նա նշել է, որ բնակարանը գնել են հունվարին, վերանորոգել և հանձնել Գաբրիելյանների ընտանիքին: Ընդհանուր առմամբ, իրականացված աշխատանքները կազմել են մոտ 15 մլն դրամ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմից հետո Հերհեր, Ծովատեղ, Խերխան համայնքներում ուսումնասիրեցինք, թե ինչ անելիքներ կան: Արդյունքում հասկացանք որ խնդիրները տարբեր են: Մարդասիրական օգնություն ցուցաբերեցինք մի քանի անգամ: Որից հետո ամենավատ բնակարանային պայմաններ ունեցող զոհվածների և վիրավորների ընտանիքներին որոշեցինք բնակարաններ տրամադրել կամ եղածը վերանորոգել: Մեր ծրագրերով փորձում ենք մեր երախտիքի խոսքը հղել զոհվածների և վիրավորների ընտանիքներին, որոնց զավակները կյանքի գնով պահեցին հայրենիքը»,- մասնավորապես ասել է Ր. Դուդակլյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնակարանամուտին տան սեփականության վկայականը հիմնադրամի տնօրենը հանձնեց Արա Գաբրիելյանին:

Խոսելով հիմնադրամի գործունեության մասին՝ Ր. Դուդակլյանը տեղեկացրել է, որ արդեն 17 տարի է, ինչ իրենք աշխատում են Արցախում:

«Պատերազմից առաջ մեծ աշխատանքներ ենք իրականացրել Քաշաթաղի շրջանում, որը, սակայն, մնաց թշնամուն: Այս օրերին մենք շարունակում ենք մեր հովանավորչական աշխատանքները: Պատերազմը մեծ վնասներ է հասցրել բնակիչներին: Առաջնահերթ բնակարանների հարցերը կլուծենք, որից հետո վերաբնակիչների տնային պայմանների խնդիրներին կանդրադառնանաք: Տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար կաշխատենք տեղական իշխանությունների հետ: Այս կերպ մենք պատերազմի հետևանքները օր առաջ կվերացնենք»,- ավելացրել է հիմնադրամի տնօրենը:

Բնութագրությունը հասանալի չէ

Զոհված զինծառայողի հոր՝ Արա Գաբրիլյանի խոսքով՝ Գրիգորին բնավորությամբ հանգիստ, բարեսիրտ, աշխատասեր, բոլորին նվիրված, հայրենասեր զավակ էր: Գրիգորին 33 օր շարունակ պայքարել է թշնամու դեմ՝ զոհվել հերոսի մահով:

«Որդիս նշանադրվել էր, պիտի ամուսնանար: Ցավոք, պատերազմը կիսատ թողեց նրա երազանքները: Շնորհակալ ենք «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի բոլոր աշխատակիցներին, ովքեր գնահատեցին իմ որդու հայրենանվեր գործը: Շինաշխատանքների ընթացքին անձամբ եմ ականատես եղել, բոլորն էլ սրտացավ վերաբերմունքով են աշխատել: Աղջիկս՝ իր ընտանիքով, ապրում էր Հադրութի շրջանի Բանաձոր գյուղում, այսօր մեզ հետ է ապրում, քանի որ կորցրել է տունը: Որդուս հիշատակին կառուցված այս տունն ինչ-որ տեղ մխիթարություն է բոլորիս համար»,- մասնավորապես ասել է Ա. Գաբրիելյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Խոսելով նախին տան պայմանների մասին՝ Ա. Գաբրիելյանն ասել է, որ ապրելու համար չկային բավարար պայմաններ: Նորակառույց երկհարկանի տունը հարմարավետ է և լուսավոր:

  • Կիսվել: