Տիգրան Խաչատրյանն արցախցիներին տրամադրվող աջակցությունն անվանեց բացառիկ որոշում
Սա բացառիկ որոշում է, մենք համանման սոցիալական վիճակում գտնվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ունենք, որոնց համար նման մեծածավալ միջոցառումներ չենք իրականացրել անցյալում: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Մենք իրականում քննարկում ենք նրանց մոտ էլ այդպիսի ծրագրեր իրականացնել, բայց առաջնահերթ ենք համարում ԼՂ-ից տեղահանված հայրենակիցների խնդիրը լուծել այս փուլում, հետո զուգահեռաբար մտածել նման ծրագրեր մեր հայրենակիցների համար:
Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես պետք է օգնել, որ դա շատ չտարբերվի այլ ծրագրերից: Գիտեք, որ մենք ՀՀ-ում ունենք նման ծրագրեր, որ երբ որ որոշակի բնակավայրերում ընտանիքները կառուցում են բնակարան, ապա վարկ է տրվում 16 միլիոնի սահմաններում, որը կառավարությունը տոկոսների հետ միասին վերադարձնում է առեւտրային բանկերին: Մենք ավելի ազատ մեխանիզմ ենք նախատեսում, մտածում ենք, որ այդ աջակցությունը տեղահանված մեր հայրենակիցներին կլինի մեկ անձի համար 3-5 միլիոնի չափով: Ընդ որում, 5 միլիոն դրամ կլինի բնակավայրերի այնպիսի ցանկի համար, որոնք որ ներդրումային տեսակետից առաջնային են գնահատվում:
Մեր գնահատականներով՝ կառավարությունը առաջնահերթ համարվում նոր կրթական հաստատություններ, առողջապահական հաստատություններ կառուցելու համար, սոցիալական ենթակառուցվածքի ծառայող շենքերի կառուցման նպատակաով եւ նաեւ բնակավայրի զարգացման այլ ենթակառուցվածքային ծրագրեր է նախատեսում: Կլինեն բնակավայրեր, որոնք 4 միլիոն աջակցության չափով կտարբերվեն եւ ընդհանուր առմամբ 3 միլիոնի աջակցության չափով»:
Խաչատրյանի խոսքով՝ քննարկումներն առաջիկայում վերջնական տեսքի կբերվեն:
Նա կրկին ընդգծեց այն հանգամանքը, որ սա փուլային կամ աստիճանական լուծման հարցն է. «Միանգամից 25-30 հազար ընտանիքների բնակավայրային խնդիրը լուծվել չի կարող լուծվել տարբեր պատճառով, առաջինը այդքան մեծ թվով բնակարաններ շուկայում չկան»,-ասաց նա: