շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տիգրան Աբրահամյանը համախմբման կոչով դիմել է Արցախի քաղաքական ուժերին

Տիգրան Աբրահամյանը համախմբման կոչով դիմել է Արցախի քաղաքական ուժերին

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Արցախի քաղաքական ուժերին եւ կոչ արել պատասխանատվություն ստանձնել՝ համախմբվել, որպեսզի դիմագրավեն առկա բարդագույն մարտահրավերները։

Նա, մասնավորապես, գրել է. «Արցախում 1.5 ամիս է քաղաքական ուժերը ազգային միասնության կառավարության ձեւավորման շուրջ բանակցություններ են տանում, սակայն այսօր ԱԺ ՀՅԴ եւ «Արդարություն» կուսակցությունները հայտարարել են այդ գործընթացի տապալման մասին՝ որպես պատճառ մատնանշելով Արցախի նախագահի քաղաքական քայլերը։

Բնականաբար լավ ճանաչում եմ բանակցությունների կողմերին՝ քաղաքական ուժերին եւ նրանց ղեկավարներին, լավ գիտեմ եւ հիշում եմ նրանցից յուրաքանչյուրի պահվածքն ու վարքագիծը Արցախի համար հանգրվանային բոլոր իրադարձությունների օրերին, ավելին՝ վստահ գիտեմ, թե ով է այս պրոցեսը ձախողել, սակայն այս պահին այլ հարցադրում ունեմ։

Արցախի տարածքային ամբողջականությունը կոպտորեն խախտվել է, մեր հայրենիքի մի ահռելի մաս թշնամու վերահսկողության տակ է, պատերազմը չի ավարտվել, ավելին՝ Ադրբեջանը սպառնում է նոր պատերազմով, անվտանգային սպառնալիքներն աճել են, տարածաշրջանային կայունությունը խաթարվել է... իսկ դուք ինչո՞վ եք զբաղված։

Դուք հասկանում ե՞ք այս ամենի հետեւանքները, դուք հասկանում ե՞ք, որ համախմբվածության, միասնականության ճգնաժամը հատկապես այս փուլում ինչ հետեւանքների է հանգեցնելու։

Տղերք, ինչպես ուզում եք ընդունեք, բայց խնդրում եմ՝ ուշքի եկեք, լավ մտածեք ձեր արածի ու չարածի հետեւանքների մասին, աթոռակռիվն ու ամբիցիաները մի կողմ դրեք՝ Հայրենիք ենք կորցնում։

Արցախի ու Հայաստանի այս ծանր փուլում պատասխանատվություն ստանձնեք՝ համախմբեք Արցախի բոլոր ունակ ուժերին՝ քաղաքական, հասարակական խմբերին, ուղղակի կարող մարդկանց, որպեսզի դիմագրավենք առկա բարդագույն մարտահրավերները»։

 

  • Կիսվել: