ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում են ՌԴ խաղաղապահները, քանզի տարածքը գտնվում էր իրենց հսկողության գոտում` ՊԲ-ն այդ մասում հերթապահություն, ըստ պայմանավորվածության, չէր իրականացնում. արցախցի քաղաքագետ

Տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում են ՌԴ խաղաղապահները, քանզի տարածքը գտնվում էր իրենց հսկողության գոտում` ՊԲ-ն այդ մասում հերթապահություն, ըստ պայմանավորվածության, չէր իրականացնում. արցախցի քաղաքագետ

Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը պարզաբանել է, թե ինչ իրավիճակ է այս օրերին Արցախում, մասնավորապես Ասկերանի շրջանի Փարուխ գյուղի հատվածում, որը երեկ անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ` խաղաղապահների լուր անգործության հետևանքով:
«Առաջին հերթին ի գիտություն հայաստանյան լրատվամիջոցների, որոնք քարոզչական մակարդակում թիրախավորում են ՊԲ ստորաբաժանումներին` տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը դնելով վերջիններիս վրա։

ՊԲ ստորաբաժանումները այդ հատվածում սահմանային ծառայություն չէին իրականացնում, քանի որ վերջերս Խրամորթի ուղղությամբ լարվածությունից հետո ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից առաջարկվել է այդ հատվածում զորքերի հայելային հետ քաշում` խաղաղապահ զորախմբի տեղակայման երաշխավորությամբ, կողմերը հետ են քաշվել, որից հետո ռուսական խաղաղապահ զորախումբը հանել է իր ստորաբաժանումը տեղակայման նշված հատվածից` հնարավորություն տալով ադրբեջանական կողմին առանց առճակատման մտնել ու տեղակայվել Քարագլուխ կոչվող բարձունքի վրա»,- պարզաբանել է քաղաքագետը։

Նա նշել է, որ քանի որ ադրբեջանական կողմին չէր հաջողվել բարձունքը ամբողջությամբ վերահսկել` գիշերը կրակ են բացել այդ ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանումների ուղղությամբ, ինչին ի պատասխան հայկական կողմը հակառակ կրակ է բացել` չլքելով իր վերահսկողության տակ գտնվող դիրքերը։

«Առայժմ ռուսական խաղաղապահ զորակազմի բանակցային ջանքերը ապարդյուն են, իսկ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը կրում է վերջինս, քանի որ տարածքը գտնվում էր իր փաստացի հսկողության գոտում։ Եթե ՌԴ խաղաղապահ ուժերը ետ չվերադարձնեն ադրբեջանական կողմին ելման դիրքեր, ապա դրանով կհաստատեն նախօրոք համաձայնեցված ծրագրով Քարագլխի հանձնման կասկածներն ու նույն սցենարով այլ բնակավայրերի հանձնման ռիսկերը, հույս ունենանք, որ խաղաղապահ ուժերը կապացուցեն, որ ի վիճակի են իրականացնելու իրենց վրա դրված անվտանգության երաշխիքներից բխող պարտավորվածությունները»,- եզրափակել է քաղաքագետը։

  • Կիսվել: